Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին այսօր բժիշկների ուղեկցությամբ անվասայլակով բերեցին դատարան։
Գրիգորյանը մի քանի ամիս վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատարան չէր ներկայանում, տասնյակից ավելի դատական նիստեր անցել են նրա բացակայությամբ:
Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը երկու շաբաթ առաջ եզրակացրել էր, որ գեներալի առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի ներկա լինի դատական նիստերին և որ նրա հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։
Եզրակացությունը ստանալուց հետո դատարանը գրությամբ դիմել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որպեսզի դատական նիստերին ապահովեին ամբաստանյալի ներկայությունը։
Հունվարից կալանքի տակ գտնվող Գրիգորյանը ամիսներ շարունակ բուժում է ստանում ոչ թե դատապարտյալների, այլ քաղաքացիական հիվանդանոցում։
Պաշտպանական կողմն այսօր գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորմամբ, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի Գրիգորյանի նկատմամբ:
Միջնորդությունը սակայն մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Մինչ դատարանը կհրապարակեր որոշումը, Մանվել Գրիգորյանին կրկին տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ, ըստ բժիշկների, դատարանում նրա ինքնազգացողությունը վատացավ:
63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, նույն գործով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:
Նախորդ շաբաթ ևս մեկ քրեական գործ հարուցվեց, որը կապվում է Նազիկ Ամիրյանի հետ։ Ըստ այդմ, նա 2000-ականների սկզբին տարբեր մեքենայություններ կատարելով հափշտակվել է «Հայապակի» ընկերության ավելի քան 570 մլն դրամ արժողությամբ գույքը։
Նազիկ Ամիրյանը պատասխանելով «Ազատության» հարցին, պնդեց՝ սա շինծու գործ է․ - «Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև այդ գործարանի վրա ես շատ մեծ ջանքեր թափել, որպեսզի գործարանը ավերակներից կանգնեցնեմ: Այսպես հանել, մի հատ էլ շինծու նյութ գցել հանրության առաջ, դա անբարոյականության է»:
Մինչդեռ, ըստ իրավապահների, Նազիկ Ամիրյանի տարաբնույթ մեքենայությունների հետևանքով ոչ միայն գործարանի գույքն է հափշտակվել, այլ նաև անտեսվել և խախտվել են «Հայապակի» գործարանի բաժնետոմսերի մյուս սեփականատերերի իրավունքները:
Դատախազությունը քրեական գործն ուղարկել է Քննչական կոմիտե։ Նազիկ Ամիրյան գործում այժմ կարգավիճակ չունի: