Զինվորականների պահանջը վերջին հարվածն էր
Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի բնակիչները տոնում են հաղթանակը՝ նախագահը հրաժարական է ներկայացրել: Երկիրը շաբաթներ շարունակ ցնցած ցույցերից և ընդհարումներից հետո նախագահ Էվո Մորալեսն առաջարկել էր նոր ընտրություններ անցկացնել, բայց արդեն ուշ էր, և ահա երեկ նա անձնատուր եղավ:
«Բոլիվիայի իմ սիրելի քույրեր և եղբայրներ, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ լսելով սոցիալական շարժման և Բոլիվիայի բանվորների արհմիության իմ ընկերների կարծիքները, և անսալով կաթոլիկ եկեղեցու հորդորին, ես որոշեցի հրաժարական ներկյացնել», - ասել է մայրաքաղաք Լա Պասից փախուստի դիմած և Կոչաբամբա ավանում ապաստանած Մորալեսը:
Նախագահը հասկացավ, որ վիճակն անհույս է այն բանից հետո, երբ հրաժարականի պահանջով դիմեց նաև երկրի Զինված ուժերի վերնախավը:
«Վերլուծելով այս ներքին ճգնաժամը, մենք կոչ ենք անում պետության նախագահին՝ հանուն Բոլիվիայի բարօրության հանձնել մանդատը: Դա թույլ կտա վերականգնել անդորրը, պահպանել կայունությունը», - հայտարարել է Զինված ուժերի հրամանատար, գեներալ Վիլյամս Կալիմանը:
Իշխանությունը երկարաձգելու մղումը՝ ճակատագրական սխալ
Ի՞նչն էր այս աստիճան դրամատիկ հանգուցալուծման պատճառը: Բավական ծանոթ իրավիճակ է՝ ի շարս երկրում կուտակված բազում քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրների, որոշիչ դեր կատարեց իշխանությունը երկարաձգելու Մորալսի որոշումը:
Նա 2005-ին է ընտրվել, ապա 2009-ին և 2014-ին վերընտրվել է, թեպետ չուներ երրորդ անգամ առաջադրվելու իրավունք: Եվ միայն դրանից հետո է ընդունվել սահմանափակումը վերացնող լրամշակումը:
Այս աշնանը Մորալեսը նախ անցկացրեց հանրաքվե՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու հարցով: Հանրաքվեն ձախողվեց, և այնուամենայնիվ Մորալեսը որոշեց ընտրություններ անցկացնել ու նորից առաջադրվել:
Հանրությունը, հատկապես երիտասարդները դրան արձագանքել են բողոքի ցույցերով: Ընդդիմությունը Մորալեսին մեղադրել է պետական հեղաշրջման մեջ:
Հոկտեմբերի 20-ին տեղի են ունեցել ընտրությունները: Բոլիվիայի ընտրական հանձնաժողովը սկսել է զեկուցել արդյուքների մասին, ակնհայտ էր, որ Մորալեսը և ընդդիմության թեկնածու Կարլոս Մեսան հավասար տոկոսներ են հավաքում:
Դրանից հետ ընտրական հանձնաժողովը սառեցրել է նոր տեղեկությունների հրապարակումը: Ընդդիմությունն անմիջապես հայտարարել է, որ ընտրական հանձնաժողովը կեղծիքներ է ծրագրել:
Որոշ դադարից հետո ընտրական հանձնաժողովը հաղթող է հռչակել Մորալեսին, ընդ որում 10 տոկոսի առավելությամբ, ինչը կանխում էր երկրորդ փուլի անցկացումը:
Անմիջապես սկսվել են նոր ցույցներ, տեղի են ունեցել ընդհարումներ, զոհվել է առնվազն 3 քաղաքացի: Ցուցարարների թիվը հասել է մի քանի տասնյակ հազարի:
«Բոլիվիան Հարավային Ամերիկայի հույսն է»
Էվո Մորալեսի տապալումը տարածաշրջանի կոմունիստական և սոցիալիստական ռեժիմները՝ Կուբան և Վենեսուելան, հեղաշրջում և Արևմուքի դավադրություն են անվանում, մինչդեռ, Բոլիվիայի ընդդիմությունը հավատում է, որ այդ երկրներն էլ մի օր ազատություն կնվաճեն:
«Մենք ունենք Նիկարագուա, Կուբա: Բոլիվիան պետք է դառնա ամբողջ Հարավային Ամերիկայի հույսը, վտարի կումինիզմը տարածաշրջանից և հաստատի ազատություն ու դեմոկրատիա: Մենք՝ բոիլիվիացիներս, պայքարում ենք նաև այն բանի համար, որ Վենեսուելան և ստորացված այլ երկրները վերականգնեն արժանապատվությունը», - ասել է Բոլիվիայի ընդդիմության լիդերներից Լուիս Ֆերնանդո Կամաչոն:
Էվո Մորալեսի հրաժարականից հետո պաշտոններն ազատել են փոխնախագահը և խորհրդարանի երկու պալատների խոսնակները: Պետության ղեկավարումը ստանձնել է Սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը:
Ռուսաստանը և Սիրիան դա համարում են հեղաշրջում
Ռուսաստանն այսօր հայտաարարել, թե Բոլիվիայում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ պետական հեղաշրջում է:
Սիրիան դատապարտել է Բոլիվիայի զինվորականների միջամտությունը և իր համերաշխությունն է հայտնել Մորալեսին:
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը Մորալեսին մեղադրել է ընտրությունները կեղծելու համար: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե ընտրություններից հետո հանդես գալով այդ զեկույցով՝ կազմակերպությունը «թիկունքից հարված է հասցրել Մորալեսին»:
«Ամերիկյան պետությունների կազմակերպությունն արդեն 100 տարի պետական հեղաշրջումներ է իրականացնում Հարավային Ամերիկայում: Այդ կազմակերպությունն է Մորալեսի դեմ դավադրության հեղինակը», - ասել է Մադուրոն:
Նոր ընտրությունն առանց Մորալեսի
Այսպիսով, Բոլլիվիայում պետք է տեղի ունենան արտահերթ նախագահակաան ընտրություններ:
Ընդդիմադիրները և նրանց թվում վերջին ընտրություններում Մորալեսի հիմնական մրցակից Կարլոս Մեսան, պնդում են, որ Մորալեսին պետք է զրկել հերթական անգամ առաջադրվելու առաջադրվելու իրավունքից: