Բաբաջանյան. Իմ պատկերացրած Հայաստանում չի կարող Միքայել Մինասյանի նման մեկը տեղ ունենալ

«Այն, ինչ ես ասել եմ Միքայել Մինասյանի մասին, կոնկրետ առնչվել է նրա դեսպանության երկու կարևոր իրադարձության հետ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի դիտարկմանը, թե ժամանակին գովաբանել է Սուրբ Աթոռում նախկին դեսպանին։

Այդ իրադարձություններից մեկը, մանրամասնեց Բաբաջանյանը, 2015 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագն էր Սուրբ Պետրոսի տաճարում, մյուսը՝ Հռոմի Պապի այցը Հայաստան 2016-ին․ - «Սա իսկապես աննախադեպ էր, և ես ընդամենը գնահատանքի խոսք եմ ուղղել՝ գնահատելով որպես դեսպան նրա աշխատանքը»։

«Բայց ինչ բացահայտվել է դրանից հետո, ինձ ուղղակի ապշեցրել է, այն առնչությունները, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս, ուղղակի սարսափեցնող է, թե ինչպես կարող է մարդը սեփական երկրի և սեփական ժողովրդի նկատմամբ այդպես անպատասխանատու վերաբերմունք դրսևորել՝ զբաղեցնելով Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի պաշտոնը, այդ հանգամանքը օգտագործելով՝ կեղեքել, հարստահարել սեփական երկիրն ու սեփական ժողովրդին»,- ասաց նա։

Մեկ այլ հարցի, թե իրեն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հաճախ անվանել են «Միքայել Մինասյանի պրոյեկտ», ի՞նչ առնչություն ունի Բաբաջանյանը Մինասյանի հետ, նա պատասխանեց, որ իրենք 90-ականներին ուսանել են Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ինքը եղել է մեկ կուրս ավագ, առնչվել են որպես զուտ ուսանողներ։

«Դրանից հետո ես երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել նրա հետ։ Կարծում եմ՝ անհեթեթ է, որ կարող է Միքայել Մինասյանի աջակցության կարիքը ունենամ, քանի որ ես այսօր իմ գործունեությամբ, իմ հայտարարություններով ցույց եմ տալիս, թե ինչ պատկերացում ունեմ Հայաստանի, ապագայի մասին, ինչպիսի Հայաստան եմ պատկերացնում։ Իմ պատկերացրած Հայաստանում չի կարող Միքայել Մինասյանի նման մեկը տեղ ունենալ, առավել ևս՝ այն կարգավիճակով, որը նրան վերապահված էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում», - հավելեց նա։

Արման Բաբաջանյանը մեկ այլ հայտարարություն էլ արեց Հոկտեմբերի 27-ի հետ կապված. «Այն մարդիկ, ովքեր ամեն գնով շահագրգռված են եղել, որպեսզի Հոկտեմբեր 27-ը պարտակվի, չբացահայտվի, ամեն ինչ արել են, որպեսզի ընդհանրապես կազմակերպիչների մասով գործը կասեցվի, և այն որևէ ձևով օրինական ընթացք չունենա, դրանք բոլորը նույն մարդիկ են։ Եվ էստեղ ինձ համար այլևս պատահականություն չկա: Ես խորապես համոզված եմ, որ ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ գործող դատավորները իրենք չեն որոշողները, և հարցը կրկնակի վտանգավոր է հենց այդ համատեքստում, որ այս դատավորները չեն որոշում՝ իրենք պիտի գնան, թե ոչ, այլ նախկին քաղաքական իշխանությունը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, ում գրպանում է դրված Հրայր Թովմասյանի ճակատագիրը, և նա է որոշում, թե Հրայր Թովմասյանը ինչ քայլ պետք է անի հաջորդիվ, որովհետև Հրայր Թովմասյանը դեռևս արդարադատության նախարարի պաշտոնում հասցրել է այնպիսի կապիտալ կուտակել, որը նրան ուղղակի պարտական է դարձրել», - ասաց պատգամավորը։