Մարտիրոսյանի կարծիքով, Փարաջանովին նվիրած գիրք-ալբոմը Հայաստանն ավելի ճանաչելի կդարձնի

«Անտարես» հրատարակչությունը «Մաեստրո» խորագրի ներքո լույս է ընծայել Սերգեյ Փարաջանովին նվիրած մեծադիր, 500 էջանոց գունազարդ գիրք-ալբոմը։

Այն ոչ միայն աշխարհի մեծագույն արվեստագետներից մեկի ստեղծագործություններն է ներկայացնում, այլև լայն տեղեկություն է տարածում թե՛ արվեստագետի, թե՛ նրա անցած ստեղծագործական ուղու մասին: Ռուսերենով հրատարակված այս գիրք-ալբոմը կազմել են Փարաջանովի թանգարանի աշխատակից Վիգեն Բարխուդարյանը և փարաջանովագետ Վերոնիկա Ժուրավլյովան: Գրքի առաջաբանը գրել է փիլիսոփայական գիտություների դոկտոր Գրիգորի Խուբուլավան:

Ինչպես «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում շեշտեց «Անտարես» հոլդինգի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, արդեն այս գրքի հետ կապված հաջողություններ կան։ Այն եղել է Ֆրանկֆուրտի, Շարժայի, Նուրսուլթանի, Մոսկվայի գրքի տոնավաճառներում։

«Մոսկվայում հենց հիմա հերթագրում է կազմակերպվում գրքի համար։ Գիրքն իր ճամփան բացում է ու լրացուցիչ հետաքրքրություններ է առաջացնում հայաստանյան ու հայ այլ ստեղծագործողների հանդեպ», - ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց՝ վաղուց էր երազում Փարաջանովին նվիրված մի ալբոմ հրատարակել, իսկ սա ավելին է , քան ալբոմը։ «Փոքրիկ էնցիկլոպեդիա է ստացվել», - նկատեց նա։

Նման կերպ, յուրաքանչյուր ոք հանգամանալիորեն կարող է ծանոթանալ արվեստագետի ստեղծագործություններին և ոչ միայն Երևանում գտնվող Փարաջանովի թանգարանում պահպանվող ստեղծագործություններին։ Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ հենց նմանօրինակ գրքերով՝ մեր լավագույն արվեստագետների մասին պատմող, պետք է Հայաստանն առավել ճանաչելի դարձնել։

«Փարաջանովն աշխարհին շատ ավելի է հայտնի, քան Հայաստանը, գոնե ստեղծագործող աշխարհին, և ռուսական շուկան է շատ հետաքրքրված, և ուկրաիներեն կթարգմանենք, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն, չինարեն, իսպաներեն», - նշեց նա, ապա տեղեկացրեց, որ «Երևան» գրական գործակալությունն «Անտարեսի» հետ հրամցնում են հայաստանյան լավագույն ստեղծագործողների գործերը. Գուրգեն Խանջյանն է մի քանի լեզվով թարգմանվել, Հրաչյա Սարիբեկյանն է հրատարակվել։

«Նիկոլ Փաշինյանն այս մթնոլորտում ճանապարհ բացողի դեր է տանում, որովհետև հետաքրքրությունը նրա գրքի հանդեպ մեծ է, և ինքը լոկոմոտիվի պես առաջ է տանում հայաստանյան մյուս ստեղծագործողների գործերը։ Ես նախանձի զգացում եմ ապրում, երբ այցելում եմ գերմանական ցանկացած գրախանութ, որտեղ կա առնվազն տասը վրացի գրողի գիրք թարգմանված, ոչ մի հայաստանցու գիրք։ Հուսով եմ, որ մինչև տարեվերջ կունենանք Նիկոլ Փաշինյանի գիրքը արդեն գերմանական գրախանութներում, թարգմանություն կա մակեդոներեն, դեպի ալբաներեն, թուրքերն են հետաքրքրված», - ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով, հետաքրքրված են նաև ռուսաստանցիներն ու ուկրաինացիները։ Նա հավելեց, որ նույն գործն արդեն կերպարվեստի աշխարհի համար բացում է Փարաջանովը։

«Ցանկացած կոլաժ փոքրիկ ֆիլմ է, ու Փարաջանովը դա էր ասում, որ ինձ չեն թողնում մեծ կտավի հետ աշխատել, ես ստիպված եմ կոլաժներով իմ ֆիլմերը նկարահանել», - հիշատակեց Արմեն Մարտիրոսյանը։