Իրանում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, այդ մասին հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին։ Նա մանրամասնել է՝ նոր պաշարները հնարավորություն կտան ավելի քան 50 միլիարդ բարել նավթ արդյունահանել:
Հաղորդվում է, որ շահագործման դեպքում սա կարող է դառնալ Իրանում երկրորդ խոշորագույն հանքավայրը Ահվազից հետո: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Ռոհանին անդրադարձել է նաև ԱՄՆ պատժամիջոցներին. «Արտաքին ուժերի ճնշումները անցած տարվա ընթացքում խորացան՝ ստիպելով մեր ժողովրդին դժվարին ժամանակներ ապրել, մեր տնտեսական վիճակը, սակայն, արդեն բարելավվում է», - վստահեցրել է նա:
Իրանում տնտեսական լուրջ խնդիրներ էին ի հայտ եկել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարվա մայիսին որոշեց միակողմանիորեն դուրս գալ Թեհրանի և վեց գերտերությունների միջև 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից և վերականգնել պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ։