Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

«Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումար, Շուշի, 10-ը նոյեմբերի, 2019թ.

Շուշիում այսօր կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարում միաձայն որոշվել է՝ գալիք տարվա գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին:

Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Ավելի վաղ ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն էր հայտարարել, որ որոշել է առաջադրել իր թեկնածությունը Արցախում եկող տարի անցկացվելիք նախագահական ընտրություններում:

Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, նա նույնիսկ քաղաքական կոնսուլտացիաներ էր սկսել, ընտրությունների մասնակցելու հնարավորություն ունենալու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց էր սկսել նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ևս չի բացառել իր առաջադրումը։