Թուրքիան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ մյուս երկրները դուրս չեն բերել իրենց զորքերը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, ընդգծելով՝ չնայած արևմուտքի դիմակայությանը՝ «Անկարան կշարունակի հարձակումները քուրդ զինյալների դեմ, քանի դեռ նրանք վերջնականապես չեն ոչնչացվել»:
Խոսելով լրագրողների հետ Հունգարիայից հայրենիք վերադարձի ճանապարհին՝ Թուրքիայի նախագահը պնդել է՝ մտադիր է քննարկել այս հարցը Սպիտակ տան ղեկավարի հետ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը:
Ավելի վաղ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, թուրք պաշտոնյաները պնդել էին, թե Էրդողանը կարող է չեղարկել Վաշինգտոն կատարելիք այցը: Ինքը՝ Էրդողանը, սակայն, պնդել է․ «Ավելի շահեկան կլինի դեմառդեմ քննարկել հարցերը, որոնց բախվել ենք նախկինում, ինչպես նաև նրանք, որոնց չէինք անդրադարձել»:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ այցից առաջ՝ այսօր, հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ վաշինգտոնյան բանակցությունների «հենքը» քննարկելու համար: