Մարզական լրագրող․ Միայն Աբրահամ Խաշմանյանը պետք է գլխավորի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Աբրահամ Խաշմանյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակումը հայկական ֆուտբոլային աշխարհում երկար սպասված նորություն էր:

Բազմաթիվ մարզական լրագրողներ, մեկնաբաններ, երկրպագուներ այդ պաշտոնը թափուր լինելու դեպքում հենց Խաշմանյանի անունն էին տալիս։

Նրանցից մեկը լրագրող Ռոբերտ Գասպարյանն է, ում կարծիքով, նորանշանակ գլխավոր մարզիչը հավաքականի ղեկին հաջողության հասնելու համար ամեն բան ունի․ - «Մենք տեսել ենք ինչպես է Աբրահամ Խաշմանյանը կարողանում փոքր ռեսուրսներով հասնել մեծ նվաճումների: Դա վերաբերում է և՛ «Ալաշկերտին», և՛ «Արարատին», և՛ «Գանձասարին»: Այնպես որ, Աբրահամ Խաշմանյանը անգամ փոքր ռեսուրսով Հայաստանի հավաքականում կարող է ինչ-որ նվաճումների հասնել»:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել հոկտեմբերին, երբ ազգային ընտրանին ընդամենը մեկ տարի գլխավորած Արմեն Գյուլբուդաղյանցը Լիխտեյնշտեյին ու Ֆինլանդիայի դեմ հանդիպումները ձախողելուց հետո հրաժարականի դիմում ներկայացրեց՝ այն պատճառաբանելով Եվրո 2020-ի ուղեգիր չնվաճելով։

52-ամյա Խաշմանյանը իր մարզչական կարիերայում մի շարք հաջողությունների է հասել․ նա Հայաստանի կրկնակի չեմպիոն է, գավաթակիր ու սուպերգավաթակիր, գլխավորել է Հայաստանի մինչև 19 ու մինչև 21 տարեկանների հավաքականները։

Խաշմանյանը ֆուտբոլային հանրությունում հայտնի է իր խիստ բնավորությամբ:

«Որտեղ որ եղել է Աբրահամ Խաշմանյանը, այնտեղ եղել է կարգապահություն, այնտեղ եղել է խստություն: Գուցե իրենց շփման մակարդակով տարբեր են Աբրահամ Խաշմանյանը և Արմեն Գյուլբուդաղյանը, ինչպես նաև նախորդ մարզիչները, չի բացառվում, որ լինեն կոնֆլիկներ: Բայց եկեք տարանջատենք ակումբային ֆուտբոլը հավաքականից, այստեղ կան ազգային շահեր և այլն, և այլն: Բայց այն, որ Խաշմանյանը կբերի կարգապահություն Հայաստանի հավաքական, կարծում եմ, որ աներկբա է», - ասաց Ռոբերտ Գասպարյանը:


Նա ընդգծում է, որ հավաքականի նոր գլխավոր մարզիչը մեդիա դեմք է․ Խաշմանյանը միշտ բաց է աշխատել լրագրողների հետ և նրանց հետ շփվելու խնդիր չի ունեցել:

Դա, ըստ մարզական լրագրողի, նոր մթնոլորտ կստեղծի․ - «Կարող է տրամադրել իր ֆուտբոլիստներին ավելի շփվող լինել լրագրողների հետ, ավելի մտերմիկ հարաբերություններ ստեղծվեն միմյանց միջև»:

Գասպարյանի գնահատմամբ, Խաշմանյանի ընտրությունը լավագույն տարբերակն էր․ - «Ո՛չ իսպանացի, ո՛չ արտասահմանցի, ո՛չ էլ որևէ հայ այլ մասնագետ այս պահին չպետք է գլխավորեր ազգային հավաքականը: Միայն Աբրահամ Խաշմանյանը»:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ընտրանուն հաղթողի հոգեբանություն է պետք, և այդ հարցում Խաշմանյանը կարող է օգնել:

Աբրահամ Խաշմանյանի ղեկավարած և ոչ մի թիմում աստղային ֆուտբոլիստ, ինչպիսին «Ռոմա»-ի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանն է, չի եղել: Ռոբերտ Գասպարյանի խոսքով, կարևոր է, թե նրանք ինչպիսի հարաբերություններ կկառուցեն:

Վերջին օրերին ունեցած կուլիսային շփումները մարզական լրագրողին թույլ են տալիս մտածել, որ այդ մասով խնդիրներ չեն լինի։

Նոյեմբերի 14-ին ու 17-ին Հայաստանի ընտրանին կանցացնի իր վերջին հանդիպումներ Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակում՝ նախ տանն ընդունելով հույներին, որոնց դեմ առաջին խաղում հաղթել է ապա կմեկնի Իտալիա՝ Սկուադրա Աձուրայի հետ մրցելու: Իտալացիներին ազգային թիմը Երևանում պարտվեց 3-1 հաշվով։

Ռոբերտ Գասպարյանը և բազմաթիվ այլ ֆուտբոլային դեմքեր ասում են, որ առաջիկա խաղերը Խաշմանյանի համար լավ հնարավորություն են դրական արդյունքի հասնելու համար, սակայն եթե հավաքականը պարտվի էլ, նոր գլխավոր մարզչին պետք չէ մեղադրել։