Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:
Վարչապետը կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: