Հոկտեմբերի 14-ից Վրաստանից ու Ճապոնիայից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումը տեղափոխվեց Գյումրի: Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանը այսօր թվեր հրապարակեց, թե մինչ օրս որքան մեքենա է մաքսազերծվել Գյումրիում:
«Օր-օրի ավտոմեքենաների թվաքանակը ավելանում է․ հոկտեմբեր ամսին Հյուսիսային մաքսատուն-վարչությանը ձևակերպվել է 5344 մեքենա, այնինչ արդեն նոյեմբեր ամսի առաջին յոթ օրերի ընթացքում մաքսազերծվել է 3066 մեքենա», - ասաց Ռուսլան Գրիգորյանը:
Կան, այսպես ասած, պիկ օրեր՝ հիմնականում երկուշաբթի և երեքշաբթի օրերն են: Հերթն այդ օրերին հասնում է մինչև Տրդատ Ճարտարապետ փողոց: Այսօր թիվը անհամեմատ քիչ էր, թեև 300-ից ավելի մեքենա արդեն սպասարկել էին: Օրական միջինը մաքսազերծվում է 500 մեքենա:
Հերթում սպասողները հերթ վաճառելուց դժգոհեցին:
«Առավոտը ժամը 6-ն էր եկել եմ, վերցրել եմ 225 համարը, տեսնեմ երբ կվերջացնեմ, դեռ մի 80 հոգի կա առաջս», - նշեց հերթում սպասողներից մեկը:
«Ժամը 3-ից գիշերը եկել եմ, հարցրել եմ վերջն ով ա, կանգնել եմ: Մեքենաները իմ հաշվարկով 30 էին, բայց հետո դառավ 300 դեմս, էդ էլ թող իրանք պարզեն ոնց ա դա լինում», - նշեց մեկ այլ սպասող:
Ռուսլան Գրիգորյանն ասաց, որ իրենց ևս տեղեկություններ հասել են հերթեր վաճառելու մասին: Դիմել են իրավապահներին, և հիմա ոստիկանությունը մաքսատան մոտ հերթապահություն է իրականացնում:
«Հերթի վաճառքի վերաբերյալ խոսակցություններ և բողոքներ մենք շատ ենք լսում էդ պատճառով ոստիկանությունը տեղեկացված է՝ և՛ Ճանապարհային ոստիկանությունը, և՛ Մուշի բաժնի ոստիկանությունը հերթապահություն են իրականացնում և հերթը ուղղորդում են դեպի մաքսատուն, իսկ բողոքը, որ հերթը վաճառվում է, նման փաստեր չունենք, չենք ֆիքսել, բայց հայկական մեքենաներ, որ տեղեր են պահում ոչ աշխատանքային ժամերին, որոնք առավոտյան չեն լինում, դե եղել են, բայց ոստիկանների աշխատանքի շնորհիվ վերացել է դա», - ասաց Գրիգորյանը:
Նոր ավտոմաքսատան շինարարությունը դեռ շարունակվում է: Վարչապետի՝ մաքսատուն այցի ժամանակ խոսք գնաց այն նոյեմբերի 15-20 շահագործելու մասին: