Նախաձեռնությունը վերջերս վերաճեց «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության, որը երեկ երեկոյան Թեքեյան մշակութային միությունում ներկայացրեց իր կանոնադրությունն ու ծրագիրը:
Մինչ այդ էլ իրենց ծրագրերն ու նպատակները ներկայացրել էին կինոյի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանին:
«Ազատության» հետ զրույցում կազմակերպության հիմնադիր նախագահ Հայկ Բաբայանը ասաց, որ իրենց նպատակն է իրենց շուրջը համախմբել հայ կինոյի, հայ կինոյի զարգացման հրատապ խնդիրների նկատմամբ սրտացավ մարդկանց և միասին ապահովել հայ կինոյի իրական վերածնունդը․ - «Ամբողջ գաղափարախոսությունը հետևյալն է․ պետք է անել պարզապես քայլեր: Ամենակարևոր կետը երևի ասեմ, որ «Հայֆիլմը» պետք է Պետական գույքի կառավարման կոմիտեից տեղափոխվի Մշակույթի նախարարություն: Տեղափոխվելուց հետո կադրային քաղաքականությունը փոխվում է միանգամից․ կադրային քաղաքականությունը վերանայում ենք: Մենք առաջարկում ենք կոնկրետ հաստիքներ, որոնք բաժին առ բաժին կարող են բրենդը զարգացնել: Դրանից հետո արդեն սկսում ենք փուլ առ փուլ: «Հայֆիլմը» պետք է ունենա սկզբնական վեց գործառույթ․ նկարահանվեն ֆիլմեր «Հայֆիլմի» բրենդի ներքո, ինքը դառնա կինոկրթական կենտրոն, զբոսաշրջային կենտրոն, սպասարկման կենտրոն»:
Հարցին, թե ինչ գումարներով են նախատեսում իրականություն դարձնել այդ ամենը, Բաբայանը պատասխանեց․ - «Աջակիցներ ունենք: Պետությունից` ոչ: Պետությանը ծրագրերը տվել ենք, ասում ենք՝ գոնե «Հայֆիլմը» տեղափոխեք նախարարություն: Մեր առաջին քայլը նա է, որ արդեն պարոն Խզմալյանին ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր: Ամենակարևորը՝ կա հզոր երիտասարդություն, կան շատ տաղանդավոր մարդիկ, բայց հայկական կինոյի ամենամեծ խնդիրը նա է, որ մենք մեզ չենք կարողանում ճիշտ ներկայացնել: Թե՛ դրսում, թե՛ ներսում: Կինոթատրոն գնում ենք, տեսնում ենք․ ասում են՝ էս հումորային դերասանը կա՞ ֆիլմում: Եթե չկա, ես էդ ֆիլմը չեն նայի»:
Երիտասարդ ռեժիսորը սա ճգնաժամ է համարում․ - «Սա գաղափարական ճգնաժամ է, որը մենք պետք է հաղթահարենք: Սպառողական շուկան, հեռուստատեսությունը, էդ ամեն ինչը քսան տարի շարունակ այնպես է բռնաբարել գաղափարախոսությունը, կինոն, արժեքները, որ արդեն մարդիկ․․․ Ասում են, Հռոմը ինչո՞ւ կործանվեց: Որովհետև մարդիկ գնում էին թատրոն ոչ թե մտածելու համար, այլ ծիծաղելու․․․ Կինոմթնոլորտ․ դա է միակ փրկությունը, յուրաքանչյուրն էլ իր մասնակցությունը պետք է ունենա: Ե՛վ պետությունը պետք է ունենա, և՛ երիտասարդությունը, և՛ ավագ սերունդը: Ես ինքս շատ-շատ եմ տխրում էն հարցում, որ իմ ավագ կոլեգաներից շատ-շատերը կողքիս չեն: Նույնիսկ իրենք, որ ինձ պետք է ոգևորեն, շատ դեպքերում այս ամեն ինչը լուրջ չեն ընդունում: Դա խնդիր է: Մեկս մյուսին աջակցելով, հանուն ինչ-որ մի գաղափարի կարող ենք հասնել արդյունքի»:
Հարցին, թե արդյոք այսօր ոլորտում ունենք տաղանդավոր երիտասարդություն, Հայկ Բաբայանն արձագանքեց․ - «Կարող եմ ասել, որ ունենք, իհարկե ունենք: Ունենք էնտուզիաստներ, ունենք շատ հետաքրքիր մարդիկ: Ուղղակի էդ հետաքրքիր մարդիկ մտածում են նորից երկրից գնալու մասին: Ի սկզբանե, դեռևս նախկին նախարարներից սկսած ասել եմ՝ կինոմթնոլորտ ձևավորելու համար միլիոնավոր դոլարներ պետք չեն: Կինոմթնոլորտ ձևավորելու համար պետք է ճիշտ օգտագործել մարդկային ռեսուրսները»: