ՔԿ-ն պարզաբանում է տարածել Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ:

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացնելը կամ վատնելը և 314-րդ հոդվածի՝ պաշտոնեական կեղծիք, հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը:

«Հայտնում ենք, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Արծվիկ Մինասյանը որևէ առնչություն չունի առերևույթ յուրացման և փաստաթղթերի կեղծման հետ: «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունը ստեղծվել է երբ Մինասյանը եղել է Բնապահպանության նախարար և այդ ընկերության ստեղծման, ինչպես նաև գործունեությանն առնչվող քննության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման համար այսօր Մինասյանը՝ որպես վկա, հարցաքննվել է», - ասված է հաղորդարությունում:

Քննչական կոմիտեն տարածած հաղորդագրությունում նշում է, որ, ըստ քրեական գործի նյութերի, «Զվարթնոց» Ավիաօդերևութվաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում 2017 թվականի հունիսի 19-ին իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ թվով 6 երկաթյա բաշխիչ արկղ, ըստ հաշիվ-ապրանքագրի, ԱՁ-ից ձեռք է բերվել նախկին տնօրենի կողմից, որոնք պետք է տեղադրվեին «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում, բայց չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել, սակայն, համաձայն կազմված բաշխման արկղերի տեղադրման և շահագործման ակտի, նշված բաշխման արկղերը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի թռիչքադաշտում տեղադրվել են և հանձնվել շահագործման:

«Նշված ակտը վավերացվել է ընկերության կլոր կնիքով, նշված ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող տնօրենի, ընկերության տեխնիկական սպասարկման ծառայության սարքավորումների սպասարկման բաժնի պետի և նույն բաժնի տեխնիկի ստորագրություններով», - ասված է հաղորդագրությունում:

Հետագայում ընկերությունում կատարված ներքին ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրով ընկերության տնօրենի կողմից ԱՁ-ից գնվել է թվով 14 խոնավաչափ և 15 ջերմաչափ, սակայն նշված ապրանքները չեն արտացոլվել ընկերության 2015-2016 թվականների գույքային ցանկում, 2016 թվականի գույքագրման ցանկում և նախարարի հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված ընդունման-հանձնման գույքային ցանկում: Այսկերպ ընկերությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.060.000 դրամի գույքային վնաս:

Նախաքննությունը շարունակվում է: