Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն Աբրահամ Խաշմանյանն է, արդեն նաև պաշտոնապես, ՀՖՖ գործկոմն այսօր հաստատեց նրա թեկնածությունն այդ պաշտոնում։
Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում շատերն էին տեսնում, ընդ որում՝ տարբեր ժամանակներում, 52-ամյա մասնագետը հայկական ֆուտբոլում մի շարք հաջողությունների է հասել, նա Հայաստանի կրկնակի չեմպիոն է, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Գլխավորել է Հայաստանի մինչև 19 ու մինչև 21 տարեկանների հավաքականները։
Նախորդ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր տվել հոկտեմբերին, որպես պատճառ նշելով Եվրո 2020-ի ընտրական փուլը չհաղթահարելու փաստը:
Մինչ ֆեդերացիայի գործկոմի նիստը ամեն ինչ այդքան էլ հարթ չէր, երեկ ֆեդերացիայի կայք էջում Խաշմանյանի նշանակման լուրի տարածումից հետո ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, թե ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իրավունք չունի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել։
Առաքելյանը պնդում էր՝ ըստ ՀՖՖ կանոնադրության, այդ պաշտոնում նշանակումներ կատարելու իրավասությունը պատկանում է բացառապես գործկոմին։
Առաքելյանի գրառմամբ կիսվեց նաև առողջապահության նախարար, գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը, որն, ի դեպ, այսօր կայացած նիստին ներկա չէր, նա էլ թե ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից։
Ֆուտբոլային հանրույթի որոշ ներկայացուցիչներ արձագանքեցին, անդրադառնալով ոչ թե, Թորոսյանի պնդմամբ, Վանեցյանի անընդունելի վարքագծին, այլ ընդհակառակը՝ ըստ էության, քննադատելով ֆեդերացիայի գործկոմի իշխանական ներկայացուցիչներին, նույնիսկ կարծիքներ հնչեցին, թե Վանեցյանին երկրի քաղաքական վերնախավը ցանկանում է հեռացնել պաշտոնից։
Գլխավոր մարզչի նշանակման մեջ իրավական խնդիրներ նկատած Մեսրոպ Առաքելյանը մինչդեռ պնդեց՝ ինքն այս ամենում որևէ քաղաքական գործոն չի տեսնում:
«Բացառապես կանոնադրության հարցին է վերաբերում, և ընդ որում՝ նաև այստեղ ֆուտբոլային խնդիր էլ չեմ տեսնում գլխավոր մարզչի հետ կապված: Գոնե իմ տպավորությամբ՝ գործադիր կոմիտեի անդամների մոտ Աբրահամ Խաշմանյանի թեկնածության նկատմամբ որևիցե բացասական ընկալում չկա», - նշեց Առաքելյանը:
Իսկ թե ինչպե՞ս են գործկոմի իշխանական անդամների հարաբերությունները Վանեցյանի հետ վերջինիս՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը լքելուց հետո, Առաքելյանը պատասխանեց․ «Անհատական հարաբերություններին զերծ կմնամ մեկնաբանություն տալ, բայց գործադիր կոմիտեն, որպես միասնական կառույց որևիցե խնդիր չունի և որևիցե անձնական հարաբերություն կամ որևէ մտահոգություն չի անդրադառնում գործադիր կոմիտեի գործունեության վրա»:
Ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ նիստից հետո վստահեցրեց, որևէ լուրջ խնդիր չի եղել:
«Իրականում եղել է մի շատ պարզ իրավական կազուս, որի համար առաջիկայում նաև ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն և համապատասխան պաշտոնատար անձինք ֆեդերացիայի կպատասխանեն այդ հարցերին և համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի նրանց նկատմամբ», - ասաց Վանեցյանը:
Վանեցյանը մանրամասնում է՝ այս տարի հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, որի համաձայն հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը վստահվում է ֆեդերացիայի նախագահին, սակայն այն պետռեգիստր մուտքագրվել է բոլորովին վերջերս: Կարգի համաձայն 10 աշխատանքային օր է պահանջվում այն գրանցելու, այսինքն՝ օրենքի ուժ տալու համար
«Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը՝ 10-օրյա ժամկետը լրանում է վաղը, բայց երբ ինձ բերել են և ներկայացրել են, այսինքն՝ բերել են և ներկայացրել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, մեր աշխատակազմը ինձ ուղղակի չի տեղեկացրել, որ պետռեգիստրում դեռևս գրանցում ստացած չի», - ընդգծեց նա:
Վանեցյանն այլ թեմայի էլ անդրադարձավ, ասաց՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը լքելուց հետո իր շուրջ շահարկումները չեն դադարում․ «Իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր են տարածում իմ մասին: Էդ լուրերից որևէ մեկը չի հաստատվել, ես, իհարկե, կարող եմ մշտապես հանդես գալ հերքումներով, բայց չեմ ուզում հանդես գալ հերքումներով կամ ներկայացնել դատական հայցեր, որպեսզի հանգստանան և շարժվեն առաջ»: