Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թվականից: Համապատասխան նախագիծն այսօր հավանության արժանացավ Կառավարության կողմից:
«Վերջին 16 տարիներին պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները», - ասված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: - «Մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական բնակարանային ֆոնդից՝ դրանց առկայության պարագայում, սակայն մանկատան շրջանավարտները, հիմնականում, հրաժարվել են բնակվել այդ բնակարաններում, շատերն էլ փորձում են քողարկել այնտեղ բնակության փաստը»:
Նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով Հայաստանի մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1 միլիարդ 900 միլիոն դրամ։ Վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի տարածքում 6.3 միլիոն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել ավելի բարձր գնով բնակարաններ:
Բացի այդ, որոշման համաձայն, ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում, քանի որ մանկատան շրջանավարտներն աշխատաշուկայում առավել խոցելի են համարվում՝ հիմնականում չունեն համապատասխան կրթություն և հմտություններ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած և այսօր Կառավարության հավանությանն արժանացած մեկ այլ նախագծի համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու: Այս համակարգի հիմքում ընկած է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ «Նպաստ +» և «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրերի փորձը, երբ ընտանիքներին նպաստին զուգահեռ տրամադրվել են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ: