Ավելի քան 15 տարի դպրոցում հայ եկեղեցու պատմություն դասավանդած Անահիտ Հովհաննիսյանը զարմանում է, թե ում է խանգարում առարկան՝ շեշտելով, որ իրենք փորձում են գիտելիք տալ, ոչ թե քարոզել․ - «Մենք մարդուն ասում ենք՝ մարդը պիտի մկրտվի, քրիստոնյա լինելու առաջին պայմանը մկրտությունն է: Իսկ ինքը որտե՞ղ պիտի իմանա դրա մասին, եթե ոչ դպրոցահասակ տարիքից: Ինչո՞ւ չիմանա եկեղեցու տաղավար տոների մասին»:
Ըստ Հովհաննիսյանի, դասաժամը պարտադիր է, բայց որևէ բան չի պարտադրվում․ - «Այս առարկան շատ մեծ հնարավորություն է տալիս ընտրության համար: Մենք կարող ենք մեկնաբանել, որ մարդը պիտի ազատ լինի, թող ինքը ընտրի: Շատ ճիշտ եք: Իսկ ե՞րբ պիտի ընտրի, եթե չունի ընտրության հնարավորություն: Իրեն մատուցենք ճշմարտությունը, և մարդը ինքը թող ընտրի»:
Այս շաբաթ եկեղեցու պատմության դասավանդման թեմային անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը: Նա հարցրեց՝ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատելով ի՞նչ ուղերձ ենք հղում: Ըստ վարչապետի, այս տարանջատումը խանգարում է ընկալել ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ․ - «Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի պատմությունից, հայ գիտության պատմությունից, հայ քաղաքական մտքի պատմությունից»:
Այս հարցը քննարկման թեմա է դարձել նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասում է, որ բանավեճի ֆորմատ չէր․ վարչապետը բաց ու անկեղծ արձագանքել է իրենց հարցադրումներին:
Մայր աթոռի դիրքորոշումն անփոփոխ է՝ առարկան դպրոցներից չպետք է հանվի:
Արշակ եպիսկոպոս Խաչատրյան․ - «Դա հիմնված է այն համոզման վրա, որ թեև «Հայ եկեղեցու պատմություն» առարկան լինելով հանրակրթական գիտելիք, մեր նոր սերունդը հնարավորություն է ունենում ծանոթանալ ինքնության հիմնասյուներից մեկին: Արժեքային համակարգ է դասավանդվում»:
Մայր Աթոռում համաձայն չեն տեսակետին, թե եկեղեցու պատմությունը կարելի է դասավանդել հայ ժողովրդի պատմություն առարկայի շրջանակում:
«Մենք այդ դեպքում ուրեմն հայ գրականությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատելու դեպքում էլ կարող է էդպիսի տպավորություններ, էդպիսի զգացումներ հաղորդենք: Ուրեմն ի՞նչ է նշանակում․ դրանք ամբողջը պետք է համախմբենք մեկ առարկայի, մեկ հովանոցի ներքո: Իհարկե, սա քաղաքական որոշում է պահանջում, թե մենք յուրաքանչյուր առարկայի, յուրաքանչյուր ինստիտուտի ինչ կարևորություն ենք ընծայում», - ասաց Մայր Աթոռ դիվանապետը:
Արշակ սրբազանը շեշտում է, որ սա մեկ առարկա ծրագրում պահել-չպահելու հարց չէ, սա արժեքային հարց է:
Նա չի կարծում, թե եկեղեցու պատմության դասավանդումը քարոզ է․ - «Եթե մենք Կոմիտասի պատարագից մի հատված հանրային վայրում կատարում ենք, դա քարո՞զ է, թե՞ գեղարվեստական ստեղծագործության ներկայացում»:
«Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է դուրս գա հանրակրթական ծրագրից․ սա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ, կրթության փորձագետ Վահրամ Թոքմաջյանի կարծիքն է տասներկու տարի ի վեր․ - «Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է աշխարհիկ կրթություն: Հայաստանի Հանրապետության դպրոցը հոգևոր սեմինարիա չէ: Դրա համար եկեղեցին ունի իր լծակները, դրա համար բոլոր այն ընտանիքները, իսկ նրանք գերակշռում են հայ հասարակության մեջ, ովքեր քրիստոնյա են և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, կարող են շատ հանգիստ կիրակնօրյա զրույցներ եկեղեցիներում: Քիչ թե շատ խոշոր եկեղեցիներն ունեն այդ ոչ ֆորմալ կրթության ձևերը»:
Թոքմաջյանը շեշտում է, որ այս պահին եկեղեցու պատմության դասավանդման հարցի քննարկումը ամբողուջությամբ կեղծ օրակարգ է: Հանրակրթարական առարկայացանկերը, չափորոշիչները վերանայվելու են, ինչո՞ւ է հենց սա առանձնացվում․ - «Հանրույթը շատ հեշտ տրվում է մանիպուլյացիայի, մոլորություններին: Ինչո՞ւ: Որովհետև այս պահին գոնե որոշում չկա, որ այդ առարկան դուրս է գալիս: Եվ եթե գնում են այդ ճանապարհով, մոտ ապագայում էլ նման որոշում չի լինելու: Չափորոշիչները լավագույն դեպքում պատրաստ կլինեն 2021-22 թվականին, դեռ դրանք անցնելու են քննարկումների փուլ, փորձարկման փուլ, կարող է այդ ընթացքում կառավարություն փոխվի: Մի խոսքով, սա ինչ-ինչ շահագրգիռ ուժեր, որոնք սովորություն ունեն իրենց գործած նախկին մեղսագործությունները թաքցնել այդ անունների տակ՝ եկեղեցի, ազգ, պատմություն և այլն, չնայած որ ամենաշատ վնասն են տվել եկեղեցուն, ազգին և պատմությանը, և բերել այս հասարակական ավելորդ լարվածությունը ստեղծել»:
Ինչ վերաբերվում է եկեղեցու պատմությունը միավորելուն, Թոքմաջյանը շեշտում է, որ հայ ժողովրդի պատմության ծրագիրը առանց այդ էլ հագեցած է եկեղեցական թեմաներով․ - «Ընդհանրապես 301 թվականից հետո հայոց պատմության ուսումնասիրության ժամանակ դպրոցական ծրագրում, դու ընդհանրապես դժվարանում ես այդ սահմանը անցկացնել՝ հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության: Այստեղ է խնդիրը»:
Ինքնության ու կրոնի դասավանդման միջև զուգահեռները պատմության ուսուցիչը տեղին չի համարում: Խորհրդային 70 տարիների բռնությունները հայ եկեղեցու դեմ արդյո՞ք ինքնության աղճատման են տարել, հարցնում է Վահրամ Թոքմաջյանն ու հիշեցնում, որ արցախյան պատերազմում հաղթել է խորհրդային սերունդը․ - «Մենք՝ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ազգ, շատերը պնդում են, թե մենք պետք է դրա միջոցով ճանաչենք, թե ով ենք մենք: Մենք այդ հարցին դեռ չե՞նք պատասխանել այս մի քանի հազար տարվա ընթացքում: Շատ ցավում եմ, եթե նոր պիտի ճանաչենք»: