Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահը

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի գրասենյակի

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:

ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այնուհետև Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը, նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահին ու տիկնոջը:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահները Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և Պատվո պահակախմբի ստուգայց, միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են Պատվո պահակախմբի քայլերթը: