«Իմ կյանքը սիրուն չի, խմիչքը կործանեց». անօթևաններ

Մինչև տարեվերջ անօթևանների հարյուր տեղանոց կացարանում պետք է մնա 30 հոգի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր մոդել է առաջարկում: Այդ 30-ը օթևան կստանան, իսկ 70 անտունի համար կստեղծեն գիշերակացի հնարավորություն՝ երեկոյան կգան, տաք ճաշ կուտեն, կլողանան, բայց առավոտյան անպայման պետք է հեռանան:

Նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն ասում է, որ իրենց գնահատմամբ, անօթևանների կացարանի այսօրվա ծանրաբեռնվածությունն արդարացված չէ․ - «Մի զգալի մասը պիտի չլինեն անօթևանների ժամանակավոր կացարանում: Նրանք, ովքեր երիտասարդ են, աշխատունակ են, պիտի տեղավորված լինեին աշխատանքի և գնային ինքնուրույն կյանք: Անօթևանների ժամանակավոր կացարանը խնամքի հաստատություն չի, այնտեղ չպիտի իրենք հավերժ ապրեն»:

Ձմռան շեմին անօթևանների կացարանում միշտ հերթ է գոյանում: 100 տեղանոց կացարանում հիմա այլևս ազատ տեղ չկա:

Տիկին Ասյան այստեղ եկած վերջին բնակիչն է: Անհայտ մեկը գիշերը նրան հասցրել էր կացարանի բակ ու հեռացել:

«Բակում են թողել, ինքն էլ հիշողության խնդիր ունի», - ասում է կացարանի հոգեբան Սուսաննա Ումուտյանը:

Պարզել են այն, որ վերջին 30 տարում Հայաստանում չի եղել, աշխատել է Ստամբուլում, այնտեղից արտաքսվել Երևան՝ փողոց:

Ըստ կարգի, անօթևանների տանը կարող են մնալ մինչև երեք ամիս: Բայց շատերը գնալու տեղ չունեն․ եթե դուրս գան, գետնանցումներում ու նստարանների վրա են քնելու:

Տիկին Սուսաննան, օրինակ, ապրելու տեղ չունի: Ծերանոցի տարիքի չէ, աշխատել, տուն վարձել չի կարող:

Սամսոն Գևորգյանը կացարանի կարգուկանոնին նոր-նոր է հարմարվում՝ ներսում ծխել, խմել չի կարելի: Հինգ տարի ավտոտնակում է ապրել, հիմա փորձում է սիրավեպերով կարդալով վերադառնալ նորմալ կյանքի․ - «Իմ կյանքը սիրուն չի, ի՞նչ անեմ: Իմ խմելը իմ կյանքը կործանեց»:

Փողոցներից այս կացարանում հավաքված մարդկանց համար սա ոչ միայն տանիք ու տաք կերակուր է. այստեղ նաև կազմում են ապագայի ծրագրեր: Իրինա Ապերյանը, օրինակ, ծանոթացել է Գվնեայից արտաքսված Սիլա Աբդուլահի հետ, սիրել է նրան և կացարանի ղեկավարությանն առաջարկում է օգնել իրենց, որ ամուսնանան:

«Խանգարում է միայն մի հանգամանք․ ինքը Հայաստանի քաղաքացի չի: Իրեն անընդհատ արտաքսում են իր երկիր», - ասում է Իրինան:

Պատմություններն այստեղ բազմազան են, խնդիրն է ընդհանուր՝ մարդիկ տանիք չունեն:

Անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը չգիտի, թե մինչև տարեվերջ ինչպես և ուր է ուղարկելու 70 հոգուն. - «Դեկտեմբերի 31-ին պետք է պահենք 30 հոգի և 70 հոգի պետք է դուրս թողնեք: Նոր տարվա օրով անթույլատրելի է, որ քաղաքացուն հանենք փողոց»:

Ըստ տնօրենի, անօթևանների թիվը գնալով ավելանում է՝ արտաքսվածներն են, նաև նախկին դատապարտյալները, որ բանտից դուրս են եկել ու գնալու տեղ չունեն: Նորերին էլ գումարվում են կացարանի մշտական դարձած բնակիչները․ - «Երբ որ մենք իրենց հանում ենք փողոց երեք ամիս ժամկետը լրանալուց հետո, նրանք գնում են, նստում են կառավարության դեմը, նախարարության կամ քաղաքապետարանի դեմը: Հետո այնտեղից լինում են բաժնի պետերի կամ փոխնախարարների զանգերը, կառավարության աշխատակազմից զանգահարում են և խնդրում են, որ երկարացնենք: Երկարացնում ենք, բայց նորից երեք ամիս հետո նույն խնդիրն առաջանում է»:

Խաչատրյանի հաշվարկով, անօթևաններին պահելու համար նվազագույնը հիսուն տեղ է պետք: Գուցե, ասում է, միայն գիշերելու համար նախատեսված տեղերը կրճատեն:

Նախարարությունում վստահեցնում են, որ ինչ էլ լինի, ձմռանը փողոցում մարդ չի մնա. - «Եթե 30-ից պարզվի, որ ավել ա, էդ քարի վրա փորագրած թիվ չի: Մենք դա կարող ենք իհարկե փոխել»: (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյան):

Շարունակում է խնդիր մնալ սուր վարակիչ հիվանդություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անօթևանների հարցը: Նրանք կացարանում, ըստ կարգի, ապրել չեն կարող: Անկախ հիվանդությունների ցանկից՝ Հայաստանում անօթևաններին հաշվել են 4 տարի առաջ: Նրանք 300 հոգի են, բայց նախարարության հաշվարկով, նրանցից 100-120-ն են, որ կացարանում մշտական ապրելու ցանկություն ունեն, մյուսները գերադասում են բաց երկնքի տակ՝ ազատ կյանքը: