Թուրքիան ռուսական արտադրության C-400 (S-400) հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը նախատեսվածից ուշ կստանա: Այսօր թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ մատակարարումների ուշացման պատճառը C-400-ների տեխնոլոգիական առանձնահատկությունները Անկարային փոխանցելու, ինչպես նաև համակարգերի համատեղ արտադրության հնարավորության շուրջ ընթացող բանակցություններն են:
Բացի այդ, Դեմիրը նշել է, որ Թուրքիան այժմ ուսումնասիրում է ռուսական արտադրության նորագույն ռազմական օդանավերի ձեռքբերման Մոսկվայի առաջարկը: