ՍԴ-ի ճգնաժամի լուծման հրամայականը ժողովրդավարության պաշտպանության անհրաժեշտությունն է․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանը համոզված է՝ դատարանի ներսում և դրա շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու նախապայմանը բարձ դատարանի նախորդ ողջ ժամանակաշրջանին իրավաքաղաքական գնահատական տալն է։ Գրիգորյանը ՍԴ խնդրի վերաբերյալ իր նկատառումները հրապարակել է Ֆեյսբուքում։

«ՍԴ դերակատարությունը մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում մինչ 2018 թ.-ի ապրիլը եղել է ոչ ավելի, քան քաղաքական իշխանության կողմից «թույլատրելի» արդարադատության շրջանակում իրականացրած գործունեություն, - գրել է ՍԴ դատավորը՝ շարունակելով․ «ՍԴ-ն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել 2008 թ.-ի նախագահական ընտրությունների ընտրական և հետընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների սանձազերծման՝ ընտրական վեճերի շուրջ բացարձակ կրավորական դեր որդեգրելով ընտրական խախտումներին համարժեք գնահատական չտալով էլ ավելի ամրապնդելով իր՝ Հայաստանի ժողովրդավարության այս ճգնաժամային իրավիճակում «ժողովրդավարության բանտապահի» հնազանդ կարգավիճակը:

Վահե Գրիգորյանի ձևակերպմամբ, Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հրամայականը Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության անհրաժեշտությունն է։

«Այս ճգնաժամի շարունակականությունը, այսինքն՝ ժողովրդավարական լեգիտիմության կորստով հեղինակությունից զուրկ և իշխանության թևերի ու հայաստանյան հանրության վստահությունը չվայելող և սահմանադրականության բացեր ունեցող ՍԴ ունենալը, իսկ ավելի ստույգ՝ բացասականորեն փաստված կենսագրություն ունեցող ՍԴ-ի փոխարեն ժողովրդավարության և հիմնական իրավունքների պաշտպանության ատյան չունենալը լրջագույն մարտահրավեր է հայկական մանուկ ժողովրդավարության համար», - գրել է Գրիգորյանը:

Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրավիճակին օրերս նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն էր անդրադրաձել՝ դրան տալով «բացահայտ կոնֆլիկտ» բնորոշումը։ Բուքիքիոն իր հայտարարությամբ կողմերին կոչ էր անում զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն հանդես բերել՝ իր ձևակերպմամբ մտահոգիչ իրադրությունը թուլացնելու և Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը վերականգնելու համար։

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում տեսակետ էր հայտնել, թե ՍԴ-ի ու իշխանության մյուս ճյուղերի միջև կոնֆլիկտ չկա, այն կա միայն անձերի միջև։ Բացի այդ Գյուլումյանն անդրադարձել էր այն պնդմանը, թե ՍԴ-ում ճգնաժամ կա։

«Սահմանադրական դատարանում ճգնաժամ որպես այդպիսին չկա։ Որովհետև իմ կարծիքով ճգնաժամն այն է, որ մենք անգործության ենք մատնված, չենք կարողանում որոշումներ կայացնել, չենք կարողանում նիստեր գումարել, այնինչ Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Ես հակված չեմ ընդունելու նաև այն տեսակետը, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ չկա հանրային վստահություն: Հանրային վստահությունը ոչ թե բառերով ենք ասում, որ չկա, այլ այն գործերով, որոնք մուտք են լինում Սահմանադրական դատարան», - ասել է Գյուլումյանը:

Այդ մեկնաբանություններով, ըստ Վահե Գրիգորյանի, նպատակ ունեն ստվերել խնդրի բուն բովանդակությունը։ Անդրադառնալով Սահմանադրական դատարանի խնդրի լուծումներին, Վահե Գրիգորյանը հիշեցրել է ճգնաժամի լուծման իր տարբերակները, որոնց թվում է՝ դատավորների 7 թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրումը։

Սահմանադրական դատարանի դատավորի խոսքով. «Լուծումների այս միջակայքը ենթադրում է նաև Սահմանադրության փոփոխությունների միջոցով նոր դատավորների ընտրությունը կամ ՍԴ անդամների և դատավորների կարգավիճակների հավասարեցումը բոլոր ասպեկտներով՝ ներառյալ պաշտոնավարման ժամկետների և դատավորի երդման պարտականության նախատեսմամբ»: