Փոմփեո. «Կոչ ենք անում Իրաքի իշխանություններին ընդառաջել երկրի քաղաքացիների օրինական պահանջներին»

«Միացյալ Նահանգները ողջունում է Իրաքի կառավարության կողմից ձեռնարկվող ցանկացած լուրջ քայլ, որ միտված կլինի հասարակության հուզող խնդիրների լուծմանը», - անդրադառնալով Բաղդադում և Իրաքի մյուս խոշորագույն քաղաքներում ընթացող բողոքի գործողություններին նախօրեին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Կառավարությունը պետք է ականջալուր լինի այն օրինական պահանջներին, որոնք ներկայացնում է փողոց դուրս եկած Իրաքի ժողովուրդը», - նշված է Փոմփեոյի հայտարարության մեջ, որի տեքստը զետեղվել է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:

Վերջին մեկ ամսում Իրաքում ծավալված բողոքի գործողությունների և դրանց ուղեկցող բախումներ ընթացքում շուրջ 250 մարդ է զոհվել: ԱՄՆ պետքարտուղարը երկու կողմերին էլ կոչ է արել «մերժել բռնի մեթոդները»: