2019թ․ հունվար-սեպտեմբերին հազար խոշորագույն հարկատուները պետբյուջե են փոխանցել 764 միլիարդ 557 միլիոն դրամ: Անցած տարվա առաջին ինն ամիսներին այդ թիվը կազմել էր 673 միլիարդ 788 միլիոն դրամ:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, նման աճը արտացոլում է երկրում տեղի ունեցող ընդհանուր փոփոխությունները․ - «Որովհետև ի վերջո, այն, ինչ տեղի է ունենում զուտ տնտեսական դաշտում, այդ թվում նաև տնտեսական դաշտի վարչարարության առումով մոտեցումները, և ընդհանրապես կառավարության մոտեցումները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, դրա արդյունքը պետք է երևար: Եթե համեմատություն ենք անում ընդհանրապես հարկային դաշտում, կամ հարկերի հավաքագրման բնագավառում ինչ է տեղի ունեցել, այնտեղ էլ այդ աճը նույնիսկ ավելին է, քան խոշոր հարկատուներն են վճարել: Եթե նրանց հարկերը անցյալ տարվա համեմատ ավելացել է մոտ 14 տոկոսով հիմա, ապա ընդհանրապես հարկերի հավաքագրումը ավելացել է 21 տոկոսով»:
Խոշորագույն հարկատուների առաջին եռյակը նույնն է մնացել: Ինչպես անցած տարի, այս տարի ևս առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել է 40,5 միլիարդ դրամ հարկ ու տուրք կամ 7,8 միլիարդով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2018թ․ երրորդ հորիզոնականից երկրորդ է տեղափոխվել «Գրանդ տոբակոն»՝ 40,2 միլիարդ դրամ վճարումով, կամ 12,6 միլիարդ դրամ ավելի շատ, քան 2018թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում: Երրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիան», վճարել է 33․6 միլիարդ դրամ՝ 3 միլիարդով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
2019թ․ պետբյուջեի համաձայն, այս տարի նախատեսվում է հավաքել 1 տրիլիոն 401 միլիարդ 875 միլիոն դրամ հարկ ու տուրք: Ընդհանուր առմամբ, առաջին ինն ամիսներին հավաքվել է 1 տրիլիոն 69 միլիարդ 980 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ 150 միլիարդ 357 միլիոն դրամով ավելի է:
Այս տարվա առաջին ինն ամիսներին փաստորեն հավաքվել է տարվա համար նախատեսված հարկերի ու տուրքերի 76,3 տոկոսը:
Ըստ Վահագն Խաչատրյանի, ընդհանուր հարկերի ավելի քան 150 միլիարդ դրամ աճը, խոշոր հարկատուների վճարած գումարի ավելի քան 90 միլիարդ դրամ աճը վկայում են, որ այն դատողությունները, թե թավշյա հեղափոխությունը կարող է բացասական ներգործություն ունենալ երկրի տնտեսության վրա, անհիմն են:
«Ընդհակառակը, փաստորեն հեղափոխության ազդեցությունը տնտեսության վրա ավելի դրական է, և տնտեսական աճի միտումները, որ կային 2018 թվականին և որը մենք ակնկալիք ունենք, որ կա 2019 թվականին և շարունակվելու է 2020 թվականին, դրանք շարունակական են դարձել: Այստեղ պետք է մեզ բոլորիս՝ տնտեսագետներիս այդ հարցի պատասխանը գտնել, թե պատճառները որոնք են: Պատճառներից մեկը, կարելի է ասել, որ իշխանության քաղաքականությունը տնտեսական ազատության սահմանափակումները վերացնելն է, հակակոռուպցիոն գործունեությունն է, մրցակցային հավասար պայմաններ ստեղծելն է, հովանավորչությունը վերանալը», - նշեց Խաչատրյանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե հարկերի հավաքման նման աճը ցույց է տալիս, որ տնտեսությունը համընթաց տեմպով զարգանում է․ - «Դա միանշանակ դրական նշան է: Դա ցույց է տալիս, որ տնտեսությունը կայուն զարգանում է: Հարցը ուրիշ տեղից է գալիս․ արդյո՞ք մենք ուշադիր ենք այն կետերին, որ կարող են վտանգ առաջացնել տնտեսության համար: Դրան հենց ռազմավարական փաստաթղթերում անդրադարձ է լինելու, և մենք վստահ ենք, որ այս տարի տնտեսությունը հենց շատ ավելի արագ է աճելու, քան մենք ակնկալում էինք: Դրա մասին վկայում է նաև այն փաստը, որ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրանը իրենց կանխատեսումները այս տարվա համար բարելավել են»:
Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը տարին կփակի 7 տոկոս տնտեսական աճով: