Փակվում են Հայաստանի վերջին 4 գիշերօթիկները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Կառավարության նիստում այսօր հաստատվեց՝ փակվում են Հայաստանի վերջին 4 գիշերօթիկ հաստատությունները՝ Գյումրու երկու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկները։

«Էսօր էլի մեծ աղմուկ կլինի, որ Հայաստանի կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը։

Խնամքի հաստատությունների լուծարման, վերակազմավորման գործընթացը հինգ տարի առաջ է սկսվել, բայց ամեն նոր փուլից առաջ նոր կրքեր են բորբոքվում։ Գիշերօթիկների աշխատակիցներից բացի, ծնողներն են բողոքում. - «Էրեխեքը ընդեղ կսորվին, կմնան, կկրթվեն, խնամվին գը, ուրբաթ օրերը տուն կուգան։ Էստեղ տուն չեն էլ ուզե գալ, կռիսանոց, մկնոց», - ասաց գյումրեցի Արմինեն։

Նրա երեք երեխաները թիվ մեկ գիշերօթիկում են, որը լուծարվելու է մինչև դեկտեմբերի 1-ը։ Երեխաները տուն միայն հանգստյան օրերին են գալիս, մայրը նշեց՝ նույնիսկ նրանց լողացնելն է թանկ նստում իր վրա, ապրում են նպաստով. - «7000-8000 մենակ լույսը կեղնի, շատ ժամանակ կըսեմ՝ երեխեք ջան, մի լողցեք տունը, տկից դուրս գալ չեմ կըրնա, լույս չի լինի, որ չմիացնենք»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ՝ կառավարությունն այս երեխաներին աջակցելուց չի հրաժարվում, ավելին՝ հնարավորությունները եռապատկվելու են, բայց երեխաները պետք է մեծանան ընտանիքներում ցերեկային ու ճգնաժամային կենտրոնների աջակցությամբ։

«2020 թվականի բյուջեով մենք գրեթե եռապատկում ենք ցերեկային խնամքի ծառայությունները ամբողջ Հանրապետությունում՝ 30 բնակավայրերում», - պարզաբանեց նա։

4 գիշերօթիկներում հունիսին 260 երեխա է եղել, այժմ նրանք 130-ն են։ Ըստ նախարարի, գնահատվել են բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքները, 43 երեխայի դեպքում խնդիր կա․ նրանք այս պահին տուն վերադառնալ չեն կարող, իսկ պատճառները տարբեր են՝ բռնությունից մինչև բնակարանային խիստ անբարենպաստ պայմաններ։ Այս ընտանիքների հետ աջակցման տարբեր ծրագրեր կիրականացվեն, իսկ երեխաները կարող են Գյումրու երկրորդ գիշերօթիկ հաճախել, քանի որ այս մի գիշերօթիկը կլուծարվի ոչ թե մյուս երեքի պես մինչև դեկտեմբերի 1-ը, այլ մինչև հունիսի 25-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը վստահ է, որ ընդդիմության ալիքը կմարի, երբ ընտանիքները աջակցությունը ստանան ու զգան։ Ընտանիքներին աջակցությունը կլինի սննդի, հագուստի, հոսանքի ծախսի փոխհատուցման ու նաև մասնագիտական վերապատրաստումների ձևով։

Վարչապետ Փաշինյանն այս ամենը համարում է բարեփոխում ընդդեմ հուսահատության։

«Հայաստանում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքի և ընդհանրապես հաջողության լուսանցքից դուրս», - հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հաշվել՝ քանի հոգի է մանկատուն-գիշերօթիկներից բուհ ընդունվում, արդյո՞ք նրանք հաջողում են հասնել բարեկեցության։ Դիմելով այս ռեֆորմի ընդդիմախոսներին՝ նա ասաց. - «Թույլ չպիտի տալ, որ Հայաստանի կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության կամ տգիտության մեջ կամ ետ քաշել, մտցնել տգիտության փակուղի։ Այդպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ, և մենք պետք է հատ-հատ հետևողական արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից, մինչև վերջին մանրուքը, ընդհուպ պինցետով», - շեշտեց գործադիրի ղեկավարը։

Ըստ Փաշինյանի, կա լեգիտիմ մտահոգություն, որ գուցե իդեալական պատկեր չլինի, բայց վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան։

Փակվող գիեշերօթիկներից Գյումրու թիվ մեկի տնօրեն Գինուշ Զատիկյանն ասաց՝ 68 հոգանոց կոլեկտիվում սպասում են, որ գործ կգտնեն բացվելիք ցերեկային կենտրոններում, իսկ ընտանիքներն սկսել են որոշ աջակցություն ստանալ։

«Բոլորս ունենք մտահոգություն, բայց, այնուամենայնիվ, ծնողը ևս պատասխանատվության զգացում պետք է ունենա՝ իր երեխայի հետ կապված», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ գիշերօթիկների լուծարումից հետո փողոցներում մուրացող փոքրիկներ չեն հայտնվի: