Գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի որդին պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ Մշակույթի նախարարության

20-րդ դարի հայ գեղանկարիչ, ծնունդով գյումրեցի Հրանտ Ստեփանյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի բազմաթիվ թանգարաններում, բայց գեղանկարչի աշխատանքների ամենամեծ հավաքածուն՝ 16 գեղանկար, պահպանվում է Ազգային պատկերասրահում:

Նկարչի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ նրա որդին՝ Արշակ Ստեփանյանը դեռ 2016 թվականից բանակցություններ էր վարել այն ժամանակվա Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ՝ ևս 5 նկարով համալրելու ազգային պատկերասրահի հավաքածուն:

«2016 թվականի դեկտեմբերին հանդիպեցի պարոն Ամիրյանին՝ այդ ժամանակ Մշակույթի նախարար: Ասացի՝ 2018 թվականի մարտի 20-ին լրանում է 20-րդ դարի հայ գեղանկարիչ, հայ արվեստ դասական Հրանտ Ստեփանյանի ծննդյան 100-ամյակը, նախարարությունը ի՞նչ է մտածում այդ առթիվ: Նախարարն ինձ ասաց՝ գրավոր դիմեք, մենք կքննարկենք, կպատասխանենք: Մինչև գրավոր պատասխանը, ես հանդիպեցի նախարարությունում համապատասխան մասնագետների հետ, քննարկեցինք և եկանք այն եզրակացության, որ նախարարությունը ինձ ոչ թե գումար տրամադրի, ոչ թե գիրք հրատարակի, որոնք որ եղել են նախկինում և պրավալ են գնացել, այլ ինձանից գնեն մի քանի գեղանկար՝ Ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու համար, և հիշատակը հավերժացնելու նպատակով տպագրի դրոշմանիշ», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Արշակ Ստեփանյանը:

Այնուհետև Ազգային պատկերասրահում ձևավորվել է հանձնաժողով, որի որոշմամբ հինգ նկարներից ընտրվել է երեքը․ - «Ինը հոգուց բաղկացած հանձնաժողովը շատ բարձր գնահատեց նկարների գեղարվեստական և պատմական արժեքը: Գումարային առումով նրանք շուկայականից բավականին ցածր գին են առաջարկում: Դա մի նկարի արժեքն է: Երեք նկարը միասին գնահատեցին 5 միլիոն 555 հազար 700 դրամ, և մինչև այսօր ես այդ գումարը չեմ կարողանում ստանալ: Նկարները պատկերասրահում են արդեն երկու տարի վեց ամիս»:

Արշակ Ստեփանյանն այս ընթացքում դիմել է ոլորտի պատասխանատուներին, նամակներ հղել վարչապետին և Ազգային ժողովի նախագահին, հանդիպել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանին:

Փոխնախարարը «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ հաստատեց, որ դեռ երկու տարի առաջ Ազգային պատկերասրահը դիմել է Մշակույթի նախարարությանը․ - «Ասել են՝ եթե գտնում եք անհրաժեշտ և կարող եք ֆինանսավորել, ֆինանսավորեք այս երեք կտավը ձեռք բերելու համար: Նախարարությունը չի ֆինանսավորել, որովհետև գումար չի ունեցել: Ասել են, թե այս տարի բյուջեում փող չկա, կդիտարկենք հետագայում: Հաջորդ տարի ևս բյուջեում փող չի եղել և այլն: Անկեղծ լինելու համար ասեմ, որ տարիներ շարունակ արդեն նախարարությունը ձեռքբերումների համար գումար չի հատկացնում ընդհանրապես: Մինչև այս պահը մենք չունենք համալրման համար ֆոնդեր՝ նոր կտավներ ձեռք բերելու, նոր հնատիպ գրքեր ձեռք բերելու, մշակութային արժեքներ ձեռք բերելու համար»:

Արշակ Ստեփանյանն ասաց, որ պատրաստվում է դիմել դատարան, և դատը շահելու համար ունի բոլոր փաստաթղթերը: Իսկ Նարինե Թուխիկյանը շեշտեց, որ Հրանտ Ստեփանյանի գեղանկարները գնահատվել են պետական հանձնաժողովի կողմից, բայց դրանք գնելու որոշում մշակույթի ոլորտի թե՛ նախորդ, թե՛ ներկայիս պատասխանատուները չեն կայացրել:

Ավելին՝ իրենք Արշակ Ստեփանյանին առաջարկել են հետ վերադարձնել գեղանկարները, բայց վերջինս չի համաձայնել․ - «Ես գիտեմ, որ կարող եմ հետ վերցնել: Մեզ ավելի մեծ գումարներ են առաջարկում այդ նկարների համար մասնավոր հավաքորդները: Բայց ես չեմ ուզում, ես ուզում եմ, որ նկարները պատկերասրահում լինեն: Վերջ ի վերջո մենք նախատեսում էինք հարյուրամյակ, նախատեսում էինք, որ այդ նկարների գումարով ես գիրք պետք է հրատարակեմ, օրացույց պիտի հրատարակեմ, հուշաքարը պիտի պատրաստեմ, գերեզմանի կարգավորման հարցեր ունեմ․․․ Ինքնանպատակ չէի ասում այդ գումարը»:

«Ընդհանրապես խնդիր չկա էստեղ», - նշեց Նարինե Թուխիկյանը: - «Իրականում ստեղծվել է մի պատմություն իզուր տեղը: Ես չգիտեմ ինչ բանավոր պայմանավորվածություններ են եղել նախարարության նախորդ ղեկավարների կողմից, բայց փաստաթղթավորված ամբողջ նամակագրությունն այս մասին է վկայում, որ նկարները գնահատվել են Ազգային պատկերասրահի կողմից, նախարարությունը անընդհատ տեղեկացրել է, որ գումար չունի դրանք ձեռք բերելու համար, և առաջարկվում է հետ վերցնել նկարները: Ժառանգը նաև վարչապետին և Ազգային ժողովի նախագահին էր դիմել: Այդ գրություններին մենք պատասխանել ենք, որ քանի որ պատկերասրահում կա արդեն 16 կտավ նշյալ արվեստագետից, ուրեմն եթե պատկերասրահը կունենա հնարավորություն, կամ եթե պետությունը կունենա հնարավորություն աջակցելու պատկերասրահին նոր ձեռքբերումներ անելու համար, ապա կնախընտրվի այլ աշխատանքներ ձեռք բերել, այլ հեղինակների: Ընտրությունը պիտի կատարվի այնպիսի արվեստագետների մեջ, որոնք ընդհանրապես չկան պատկերասրահի ֆոնդերում կամ բավական քիչ աշխատանքներով են ներկայացված»: