ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
«Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և, անշուշտ, նոր թափ կհաղորդի այդ գործընթացին», - ասաց նա:
Այս կապակցությամբ վարչապետն իր գնահատանքի խոսքերն ուղղեց սփյուռքում, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ԱՄՆ-ում և տարբեր երկրներում:
«Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետև ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում արդեն իսկ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ու սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետն ու կուլմինացիան», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի և Ներկայացուցիչների պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով:
Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը: