Ավելի քան ութուկես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Ժնևում այսօր իր աշխատանքն է սկսել սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծ:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը նիստի բացմանը հայտարարել է՝ տեղի է ունենում պատմական իրադարձություն: «Այն փաստը, որ դուք պատրաստ եք երկխոսություն սկսել հզոր հույսի ազդակ է սիրիացիների համար», - հայտարարել է դիվանագետը:
Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը կազմված է 150 ներկայացուցիչներից՝ 50-ը սիրիական կառավարությունից են, 50-ը՝ ընդդիմությունից, 50-ը՝ քաղհասարակությունից: Այս մարմինը առաջիկա ամիսներին պետք է մշակի երկրի նոր սահմանադրության նախագիծ, որն էլ հետագայում պետք է հիմք դառնա ՄԱԿ-ի հովանու ներքո ազատ ընտրությունների անցկացման: