Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գտնվելիս որևէ պարգևատրում չի ստացել․ Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գտնվելիս որևէ պարգևատրում չի ստացել:

Լրագրողների հարցին, թե բարձրացե՞լ է իր աշխատավարձը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց․ «Որևէ պետպաշտոնյայի բառիս ուղիղ իմաստով աշխատավարձը չի բարձրացել: Ամբողջ պետական համակարգում պարգևատրումներ ստացել են»:

Դիտարկմանն էլ, որ մամուլը գրում է, թե վարչապետը նոր մեքենա է գնել 540 հազար դոլարով, ինչպե՞ս կմեկնաբանի այս տեղեկությունները, Աղաջանյանն արձագանքեց․ «Վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել, և դա պետական գնումներ են և դրանք գնվում են պետական կարիքների համար: Եվս մեկ անգամ արձանագրենք, որ վարչապետը իր համար որևէ գնում չի կատարում, այդ թվում նաև խոսքը գնում է Կոնդի առանձնատների վերանորոգման համար, որը պետության գույքն է: Ինչ վերաբերում է ծախսերին, քանի որ այդ որոշումները գաղտնի ընթացակարգերով են կայացվել, որովհետև դա օրենքից է բխում, ես էդ թվերը չեմ կարող հրապարակել»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց՝ այն տեղեկությունը, որ այդ զրահապատ մեքենաներից մեկը սպասարկում է վարչապետի տիկնոջը, չի համապատասխանում իրականությանը:

«Ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ այն ավտոմեքենան, որը որ սպասարկում էր վարչապետին, դա բավականին, մեղմ ասած, հին և շարքից դուրս ավտոմեքենա էր, որը դեռևս հինգ և ավել տարի առաջ պետք է ուղղակի դուրս գրվեր: Ինքը լուրջ, այդ թվում նաև անվտանգության խնդիրներ առաջացնող ավտոմեքենա էր», - ասաց Աղաջանյանը: