Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը

Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, արխիվ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ժողովում անդրադարձ է կատարվել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունման փաստին:

Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով բանաձևի ընդունումը, այն դիտարկել է որպես կարևոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և ցեղասպանության սուրբ նահատակների խնկելի հիշատակը հարգելու համատեքստում:

Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները նաև իրենց գնահատանքն են արտահայտել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրում հասնել կարևոր այս հանգրվանին, ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

«Արտահայտելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի երախտագետ զգացումները` Գերագույն հոգևոր խորհուրդը հույս հայտնեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները և բարեսեր ժողովուրդը նույն արդարամտությամբ կշարունակեն ջանքեր ներդնել` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և աշխարհում նման ոճրագործությունների կանխարգելման», - փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին քվեների 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

Պաշտոնական Երևանը ողջունել է բանաձևի ընդունումը: