Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը: Այդ մասին նա ասաց այսօր՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
Բուքիքիոն, հիշեցնենք, իր հայտարարությունում մտահոգություն է հայտնում Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ «բացահայտ կոնֆլիկտով» և կողմերին զսպվածության, փոխադարձ հարգանքի, համագործակցության կոչ է անում:
«Ողջունում եմ պարոն Բուքիքիոյի հայտարարությունը, շատ կարևոր է, կառավարությունում ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները: Ես էլ եմ կարծում, որ ի վերջո ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով, և մենք ավելի բնականոն եղանակով շարունակենք աշխատանքները», - ասաց նախարարը:
Բադասյանը վստահեցրեց, որ փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն միշտ է տեսնում, «սակայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ՝ Սահմանադրական դատարանի նախագահի <…> կասկածելի ընտրության, կասկածելի հանգամանքների բերումով որպես նախագահ ընտրվելու արդյունքում, որը չի ծագել այսօր, այլ ծագել է հենց այն ժամանակ, երբ որ ինքը այդ պաշտոնում ընտրվել է»: «Եվ հիմա խնդիրը, կարծում եմ, մեծապես կախված է դրա հետ, որովհետև դա սահմանադրական ոգուն դեմ էր այդ գործընթացը, որը որ տեղի է ունեցել», - շարունակեց արդարադատության նախարարը:
«Ազատության» հարցին էլ՝ իսկ այս փուլում ՍԴ նախագահի հրաժարականը ճգնաժամը կլուծի՞, Բադասյանը դժվարացավ պատասխանել․ - «Մենք, կարծում եմ, պետք է վաղ կենսաթոշակի ներդրումից հետո տեսնենք, թե քանի դատավոր է ուզում հրաժարական տա այդ սխեմայի շրջանակներում, և ես մեծապես կարևորում եմ Սահմանադրական դատարանի կազմի թարմացումը, այսպես ասեմ»:
«Ազատության» մեկ այլ հարցի՝ «ինչո՞ւ հարցը հնարավոր չեղավ լուծել, որպեսզի բանը չհասնի Վենետիկի հանձնաժողովի հորդորին», նախարարը պատասխանեց․ - «Ինձ թվում է՝ հարցը չի հասել այնպիսի մարդու, որը, այսպես, վերջնական լուծում առաջարկելու մանդատով է օժտված, ինքն էլ է իր հայտարարության մեջ նշում: Դե, ունենք այն իրավիճակը, ինչ որ ունենք»: