Պատանի հայ դաշնակահարների հաջողությունը
Վերջերս Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած երիտասարդ դաշնակահարների մրցույթին մասնակցել են նաև Երևանի Չայկովսկու անվան դպրոցի աշակերտներ Արմեն Պուչինյանն ու Արթուր Գրիգորյանը՝ անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանի սաները, ովքեր այդ միջազգային մրցույթին ոսկե մեդալներ են նվաճել:
Արթուր Գրիգորյանը հաղթող է ճանաչվել մենակատարների անվանակարգում, իսկ «Լավագույն դուետ» անվանակարգում Արմեն Պուչինյանն ու Արթուր Գրիգորյանն են արժանացել ոսկե մեդալի: Նրանք ներկայացրել են Բրամսի «Հունգարական պարը» և Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հոբելյանական համերգով նշվեց մայրաքաղաքի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 80-ամյակը, որը նշանավորվեց նաև Ժնևի կոնսերվատորիայի երաժիշտների մասնակցությամբ:
Ավարտվում է «ՌեԱնիմանիա 2019»-ը
Այս երեկո «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հոկտեմբերի 24-ին մեկնարկած «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտնի կդառնան նաև փառատոնի միջազգային ժյուրիի կողմից հաղթող ճանաչված ֆիլմերն ու դրանց հեղինակները: Նշենք, որ 11-րդ անգամ անցկացվող փառատոնի 5 անվանակարգերում ավելի քան 100 անիմացիոն ֆիլմ է ներկայացվել աշխարհի 20 երկրներից:
Երևանում, Գյումրիում և Գորիսում ներկայացվեց «Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը» պիեսը
Անցած շաբաթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ հաջորդաբար Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում ներկայացվեց «Աղբարիկս․ Ազնավուրների ոդիսականը» խորագրով պիեսը՝ ստեղծված Ազնավուրի քրոջ՝ Աիդա Կարվարենց -Ազնավուրի «Փոքր եղբայրս» ինքնակենսագրական գրքի հիման վրա: Պիեսի հեղինակներն են Լոռ Ռոլդանը , Գայետան Վասարը և Արմեն Վերդյանը, բեմադրիչն է Գայետան Վասարը:
Կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
Փառատոնի շրջանակներում կայանալիք չորս համերգների ընթացքում կհնչեն թե՛ Կոմիտասի, թե՛ նրանից հետո ստեղծագործած հեղինակների, նաև մեր ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 9-ին: Բոլոր համերգների մուտքն անվճար է:
Առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը
Դե իսկ նոյեմբերի 1-9 էլ Երևանում տեղի կունենա մի աննախադեպ իրադարձություն, որը նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Կանցկացվի «Ժամանակակից դասականներ» խորագրով կոմպոզիտորական միջազգային փառատոնը, որը մեր մայրաքաղաքում կհամախմբի աշխարհում այսօր ապրող լավագույն կոմպոզիտորներին:
Երևան կժամաներն և իրենց ստեղծագործությունները կներկայացնեն այնպիսի համաշխարհային հռչակ ունեցող կոմպոզիտորներ, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Շորը, Ցիգան Չեն և ուրիշներ: Հայաստանում նրանց կմիանա վաղուց համաշխարհային համբավ ձեռք բերած Տիգրան Մանսուրյանը, և հենց մանսուրյանական ստեղծագործությունների համերգով էլ կտրվի փառատոնի մեկնարկը:
Հիշեցնենք, որ Տիգրան Մանսուրյանն այսօր աշխարհում լավագույն մենակատարների և լավագույն նվագախմբերի կողմից ամենաշատը կատարվող հայ կոմպոզիտորն է : Փառատոնի շրջանակներում համերգներըը կկայանան ամեն օր: