Արարատ Միրզոյանն Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին կոչ է արել սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին` Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով լուծմանը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բանակցությունների ներկա ընթացքը, շեշտել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական հռետորաբանությունը, բանակցություններում գրանցված յուրաքանչյուր առաջընթաց պետք է ողջունելի լինի:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է միջազգային գործընկերների կողմից տարբեր հարթակներում հավասարակշռված և կառուցողական մոտեցումների ցուցաբերումը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում համաձայնեցված ձևակերպումների կիրառմամբ:

Ռոբերտո Ֆիկոն, համաձայնելով հռետորաբանության վերաբերյալ Միրզոյանի տեսակետին, ընդգծել է, որ Իտալիան շարունակելու է նպաստել երկխոսության կայացմանը, որը միակ ճանապարհն է` հակամարտությանը խաղաղ և տևական լուծում տալու համար:

Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերոջը` հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամուր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլև կաշխուժացնի կապերը բոլոր անդամ երկրների հետ:

Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի ակտիվացմանը:

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը ողջունել է մոտ ապագայում Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ Երևանի 2800-ամյակին նվիրված համաժողովի անցկացման գաղափարը` համոզմունք հայտնելով, որ Վիրջինիա Ռաջին իր փորձով կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի առջև կանգնած խնդիրների լուծմանը: