Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ գեներալի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի ներկա լինի դատական նիստերին։ Հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։
Հանձնաժողովի եզրակացությունը այսօր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ ընթերցեց դատավորը:
Այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Գեներալը առողջական վիճակի պատճառով չի ներկայանում արդեն տասից ավելի դատական նիստերի: Դատարանը գրությամբ կդիմի «Նաիրի» բժշկական կենտրոն, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի գեներալի ներկայությունը։
63-ամյա Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից, նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ 52-ամյա Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասները տե՛ս այստեղ