Ահազանգ «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի վերաբերյալ

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը, արխիվ

Այսօր ժամը 11:20 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Իրականացվել է մարդկանց տարհանում: Կինոլոգիական խումբը և ոստիկաններն իրականացնում են տարածքի հետախուզում:

ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել: