Քրեկատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ, տեղեկացնում է արդարադատության նախարարությունը: Հաշվի առնելով երկու ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այսօր ընդունել է Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում:
Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Արդարադատության նախարարությունը նաև տեղեկացնում է՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում:
Ահաբեկչական խմբի պարագլուխը վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացրել սեպտեմբերին:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ, այդ թվում Նաիրի Հունանյանը, դատապարտվեցին ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման: