Հայաստանի ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Չեխիայի Ազգային տոնի առթիվ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ

Չեխիայի Ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ այդ երկրի ղեկավարներին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին հղած ուղերձում Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես գրել է. - «Վստահ եմ, որ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առկա հարաբերություններն ու կապերը համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կզարգացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին գրել է. - «Այս տարի հոբելյանական է Ձեր երկրի համար, որը նշում է ժողովրդավարական ճանապարհով պետականության կերտման 30-ամյակը։ Երեք տասնամյակ առաջ Չեխիայում մեկնարկած խաղաղ վերափոխման ալիքն իր արձագանքը գտավ սահմաններից դուրս՝ սկիզբ դնելով խաղաղ ժողովրդավարական այն փոփոխություններին, որ կոչում ենք «թավշյա հեղափոխություն»։ Հայաստանում ևս դավանում ենք այդ արժեքները, ինչն արտահայտվեց մեր երկրում մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ»:

«Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած արդյունավետ հանդիպումը: Ուրախ էի ստանալ Չեխիա այցելելու Ձեր հրավերը, ինչը լավ հնարավորություն կընձեռի քննարկելու մեր երկրների միջև բարեկամական գործընկերության հեռանկարները, այդ թվում նաև՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում: