Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ թանգարանը համագործակցում է Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի հետ: Երկու թանգարանների աշխատակիցների ջանքերով Ռուսական արվեստի թանգարանում այսօր բացվեց «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» խորագրով համատեղ ցուցահանդեսը:
Ինչպես ընդգծում էին ցուցահանդեսի կազմակերպիչները բացման հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ցուցահանդեսում զուգահեռաբար ներկայացված են ռուսական ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստի ստեղծագործություններ, փոխադարձաբար մեկը մյուսին լրացնող գործեր, որոնք հնարավորություն են տալիս արվեստասերներին ըմբռնել, թե ինչպես է ծնվում արվեստի գլուխգործոցը:
Ինչպես շեշտում էր Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի տնօրեն Ելենա Տիտովան, իրենց թանգարանից Երևան տեղափոխված 19-20-րդ դարերի ազգագրական առարկաները հրաշալիորեն համադրված են Հայաստանի ռուսական արվեստի թանգարանում պահվող ռուս լավագույն գեղանկարիչների գլուխգործոցների հետ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ ռուս լավագույն գեղանկարիչները իրենց ժամանակին մեծապես ոգեշնչվել են ռուսական ժողովրդական արվեստից, և նրանց լավագույն գործերը մեծ մասամբ կրում են ռուսական ժողովրդական արվեստի ազդեցությունը:
Երկու թանգարանների համատեղ ջանքերով վաղը նաև կմեկնարկի միջազգային եռօրյա գիտաժողով՝ «Ազգային ոճը․ ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագրի ներքո:
Միջազգային այս գիտաժողովին մասնակցելու համար ԱՊՀ երկրներից ավելի քան 30 թանգարանագետներ են հրավիրվել, որոնք նաև հնարավորություն կունենան առաջիկա օրերին ծանոթանալ մայրաքաղաքում և Սարդարապատում գործող թանգարաններին:
Ռուսական արվեստի տնօրեն Մարինե Մկրտչյանը շեշտում էր․ - «Պետք է նշեմ, որ այս ցուցահանդեսը և գիտաժողովը թանգարանի գործունեության մեջ մի նոր քայլ է՝ իր ձևաչափով: Դա ոչ միայն համագործակցություն է միջպետական մակարդակով, այլ նաև փորձի փոխանակում է գործընկեր երկրի թանգարանից, որոնց հետ մենք համատեղ մեկ տարի աշխատել ենք: Առաջին անգամ է Ռուսական արվեստի թանգարանի պատմության մեջ համագործակցությունը ռուսական այսպիսի կարևոր թանգարանի հետ, այնտեղից թանգարանային առարկաներ բերելը, մեր ցուցասրահում ներկայացնելը: Ցուցադրությունը կտևի մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը»:
Ռուսական թանգարանի գլխավոր ֆոնդապահ Վերա Կալչուրինան հավելեց․ - «Կարելի համարձակորեն ասել, որ այն ամենը, ինչ որ այստեղ կա, և այն ամենը, ինչ որ մենք ստացել ենք, իհարկե շատ հրաշալի ցուցադրում են, թե ինչպես է ստեղծվում գլուխգործոցը»: