Գորբաչովը «իրական և տեղին» է համարում Պուտինի բարձր վարկանիշը

Սովետական Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն «Ի՞նչ է դրված խաղասեղանին․ աշխարհի ապագան» գրքում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր վարկանիշը իրական է և տեղին։

Ռուսաստանցիները գնահատում են այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել իրենց կյանքում Պուտինի օրոք, սակայն սրա հետ մեկտեղ Գորբաչովը համարում է, որ պետք չէ ամբողջ քաղաքական համակարգը կենտրոնացնել միայն մի անձի շուրջ, և ժամանակն է, որ և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը մտածեն իշխանափոխության մասին։

«Հասարակությանն անհրաժեշտ է իշխանության մշտական թարմացում, որը պետք է ամրագրված լինի պետության հիմնական օրենքում։ Իսկ 1993-ի Սահմանադրության մեջ նշված է, թե նախագահը չի կարող ընտրվել երկու անգամից ավելի անընդմեջ: Այսինքն՝ հաշվի առնելով ընդմիջումները՝ նախագահական ժամկետների քանակը սահմանափակում չունի», - գրում է Գորբաչովը:

Ռուսաստանի գործող Սահմանադրության համաձայն, Պուտինը 2024 թվականին չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին, և սա արդեն այսօր Ռուսաստանի քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկն է: Տարբեր սցենարներ են մշակվում, իսկ 66-ամյա Պուտինը պարբերաբար խուսափում է պատասխանել իր քաղաքական ապագայի մասին հարցին։

Ռուսաստանյան «Ռիա նովոստին» այսօր մեջբերումներ է կատարել Գորբաչովի գրքից: Արևմտքում թերևս ամենահեղինակավոր ռուսաստանցի գործիչը իր գրքում համոզմունք է հայտնում, թե կարելի էր պահպանել Խորհրդային Միությունը, և ժողովրդավարական բարեփոխումները կարելի էր անցկացնել և առանց երկիրը քանդելու։

Սովետական Միության առաջին և վերջին նախագահը իր հեղինակած գրքում գրել է, թե պատրաստվում էր միութենական նոր պայմանագիր, որի ստորագրմանը խանգարել է 1991 թվականի պուտչը։

«Ես մինչև վերջին օրը պայքարում էի Սովետական միությունը պահպանելու համար, Գորբաչովը, սակայն, տանուլ է տվել սովետական ամենամեծ հանրապետության ղեկավար Բորիս Ելցինին, ով որոշել էր քանդել Սովետական Միությունը», - գրքում գրել է Գորբաչովը։

Նրա խոսքով, Սովետական Միության փլուզման ծանր հետևանքները զգացել են տասնյակ միլիոնավոր մարդիկ, ինչի մասին վկայում են բազմաթիվ հարցումները, որոնց համաձայն ռուսաստանցիների մեծ մասը ափսոսում է Սովետական Միության փլուզման համար։

Սովետական Միությունը դե ֆակտո փլուզվել է դեկտեմբերի 25-ին, երբ Միխայիլ Գորբաչովը հանդես էր եկել երկրի նախագահի պաշտոնը թողնելու մասին հայտարարությամբ։ Սակայն մինչև այդ դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Բելառուսի (այն ժամանակ Բելառուսիայի) և Ուկրաինայի ղեկավարները ստորագրել էին Սովետական Միության փլուզման մասին Բելովեժյան համաձայնագիրը։

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակին հայտարարել էր, թե Սովետական Միության փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աշխարհագրական աղետն էր։

Փորձագետներից շատերի կարծիքով, Սովետական Միության փլուզումը ֆորմալ առումով սկսվել է ղարաբաղյան շարժումից:

«Ի՞նչ է դրված սեղանին․ աշխարհի ապագան» գրքում 88-ամյա Միխայիլ Գորբաչովը քննադատում է նաև Արևմուտքին՝ համարելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք Արևմուտքի մեծ ռազմավարական սխալն է, և գլոբալ անվտանգության համար անհրաժեշտ է միասնական Եվրոպա, այսինքն՝ ՌԴ-ի հետ միասին։

Սրա հետ մեկտեղ Գորբաչովը գրում է, որ իր նախագահության օրոք ոչինչ չէր կարողանում անել այդ ընդլայնումը կանխելու համար: ՆԱՏO-ի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե երբեք չեն խոստացել Ռուսաստանի իշխանություններին, որ չեն ընդլայնվելու Սովետական Միության նախկին դաշնակիցների և հանրապետությունների հաշվին: