Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ մեղադրանք առաջադրեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին, «Ազատությանը» փոխանցեց իշխանության յուրացման հոդվածով հարուցված քրեական գործը քննող Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել երկու՝ պաշտոնեական կեղծիք և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ավելի վաղ ԱԺ նախկին նախագահն «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ կեղծիք թույլ չի տվել:
Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա՝ իշխանությունը յուրացնելու հոդվածով։ Այս գործով մեղադրյալ է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Բաբայանը մեղադրանքը չի ընդունում, անցած շաբաթվանից կալանքի տակ է։
Պատգամավոր Բաբաջանյանը պնդում է, որ 2018-ին ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով։ ՀՔԾ ծավալուն հաղորդագրությունում նշում է, որ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանին հին սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:
Ըստ ՀՔԾ-ի, մարտի 1-ին ստորագրած հրաժարականի մասին դիմումը ԱԺ է հասել մարտի 5-ին, բայց Արա Բաբլոյանը դեռ մարտի 2-ին արդեն հայտարարել է Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։