2020 թվականի բյուջեի նախագծում ամենալավատեսական կանխատեսումը չէ. Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում այսօր սկսվեց գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկումները:

Հեղափոխական կառավարությունն առաջնորդվում է պահպանողական սցենարով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ - «Բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը»:

Հաջորդ տարվա համար գործադիրը նախատեսել է 4,9 տոկոս տնտեսական աճ: Վարչապետը պարզաբանեց, որ փաստաթղթում նախանշված թիվը դեռ չի նշանակում, թե ավելի բարձր տնտեսական աճ չի արձանագրվի․ - ​«Նույն խնդիրը մենք [կառավարությունը] լուծել ենք 2018 թվականին, որովհետև բյուջեի նախագծում 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց փաստացի մենք ապահովեցինք 5,2 տոկոս: Ընդհանուր առմամբ սա, կարծում եմ, ճիշտ մոտեցում է»:

Գործադիրի ղեկավարը ներկայացրեց 2020 թվականին ակնկալվող բյուջետային եկամուտներն ու ծախսերը: Ասաց, որ ավելացել են որոշ ոլորտների հատկացումները․ - «2020 թվականին պլանավորված է մեկ տրիլիոն 602 միլիարդ եկամուտներ: Եվ ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ մենք ունենք 27,4 տոկոս աճ: Հեղափոխությունից առաջ և հեղափոխության ընթացքում ծախսերի աճը 29,9 տոկոս է: Առողջապահության ոլորտում 2018 թվի համեմատ ունենք 33 տոկոս աճ բյուջետային հատկացումների: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում ունենք 21 տոկոսի աճ: Նաև ուզում եմ արձանագրել հետևյալը․ վերջերս շատ քննարկումներ են տեղի ունենում պաշտպանական ծախսերի հետ կապված: Ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի համեմատ 2020 թվականին պլանավորել ենք 25,3 տոկոս ավելացում բյուջետային հատկացումների»:

2020-ի բյուջեն վատատեսական սցենարով է, ակնկալվող աճը կարելի էր ապահովել անգամ ոչինչ չանելով: Սա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի գնահատականն է․ - «Այս պարագայում սա ոչ միայն պահպանողական է, այլև ցածր, և չի արտացոլում նախորդ տարիների անցած ճանապարհը, այդ թվում՝ նախորդ, հեղափոխական տարում 5,2 տոկոս ՀՆԱ-ի աճը, ապա հետագայում ավելի բարձր սպասվողը 2019 թվականի: Հիմա դուք բերում եք վատատեսական սցենար, որի պարագայում, թույլ տվեք ասել, որ անգամ ոչինչ չանելու դեպքում այսքան ՀՆԱ-ի աճ հնարավոր էր լինում ապահովել: «Ես ակնկալում եմ իրատեսական ՀՆԱ-ի աճ»:

Պահպանողական սցենարից դժգոհ էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պաշտոնական ցուցանիշները վկայակոչելով՝ պատգմավորը հետաքրքրվեց ակնկալվող ներդրումներից: 2018-ի համեմատությամբ 2019-ին ներդրումների ծավալը նվազել է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Մելքումյանը հարցրեց, թե ինչպես են տնտեսական աճ ակնկալում․ - «Օտարերկրյա ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատվածում եթե 2018 թվականի հունվար-հունիսին եղել են մոտ 38 միլիարդ դրամ, ապա 2019 թվականի հունվար-հունիսին եղել են 7,8 միլիարդ դրամ: Սրանք պաշտոնական թվերն են վիճակագրության պետական կոմիտեից: Հիմա սա այնքան հեռու է այն ցանկալի կետից․․․»

Ջանջուղազյանի արձագանքը․ - «Դժվար կլիներ ակնկալել, որ այստեղ հիմա կխոսենք երկնիշ, եռանիշ աճերի մասին, որ ասենք, որ մենք գործ ունենք հեղափոխական կանխատեսումների հետ: Առավել ևս, երբ որ խոսքը վերաբերում է կանխատեսումներին: Մեր կարծիքով, ճիշտն ասաց, դժվար է բյուջեի նախագիծը գնահատել պահպանողական, բայց պետք է գնահատել որպես կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնող»:

Չնայած ընդդիմադիրները պաշտոնական վիճակագրությունից և բյուջեից հեղափոխական փոփոխությունների տպավորություն չեն ստանում, վարչապետը վստահեցնում է, որ տնտեսական հեղափոխությունը անզեն աչքով նկատելի է․ - «Ես համարում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունը կարելի է տեսնել հիմա արդեն նաև անզեն աչքով: Հայաստանի Հանրապետությունում հսկայական ներդրումներ են կատարվում»: