Մատենադարանում ավարտվեցին Գրիգոր Նարեկացուն նվիրված 5-րդ՝ հոբելյանական ընթերցումները

Այս շաբաթ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրատանը՝ Մատենադարանում ավարտվեցին Գրիգոր Նարեկացուն նվիրված 5-րդ՝ հոբելյանական ընթերցումները, որոնք մտահղացել և իր ժամանակին նախաձեռնել էր Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

«Ազատության» հետ զրույցում Մատենադարանի ներկայիս տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց. «Ամբողջությամբ այս գաղափարը մեր լուսահոգի Հրաչյա Թամրազյանին է պատկանում, ինքն էլ մեր անվանի նարեկացիագետներից մեկն էր և իր մահից հետո արդեն իր դստեր՝ Արուսյակի ջանքերով հրատարակվեց, դրանցից վերջինը իր եռահատոր աշխատությունն էր, որը շատ լուրջ ներդրում էր նարեկացիագիտության մեջ։ Ահա նրա գաղափարն էր, բայց ինքը հասցրեց միայն առաջինը իրականացնել, դրանից հետո հաջորդ չորսն արդեն մենք՝ իր գործընկերները, իր ընկերները շարունակեցինք հավատարիմ մնալ իր սկզբունքներին, իր մտահղացմանը»։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը հավելեց նաև, որ այս 5 տարիների ընթացքում տեղի ունեցած «Նարեկացիական ընթերցումների» կամ միջազգային գիտաժողովների ժամանակ ոչ միայն չափազանց ուշագրավ բանախոսություններ են հնչել, այլև անպայման տեղի են ունեցել նարեկացիագիտական նոր գրքերի և Նարեկացու ստեղծագործությունների այլալեզու գրքերի շնորհանդեսներ։

Դեռ 5 տարի առաջ Մատենադարանի աշխատակիցները՝ Գայանե Էլիազյանը, Սուսաննա Բարսեղյանն ու Դավիթ Ղազարյանը սկսեցին աշխատել Նարեկացու երկերից մեկի կրկնօրինակված ձեռագրի վրա՝ փաստացիորեն փրկելով այն վերջնական կործանումից և այս գիտաժողովի ընթացքում արդեն ներկայացրին այն գիտական շրջանակներին:

«Ձեռագիրը հազվագյուտ մի ձեռագիր է, 1308 թվականի Մեծոփա վանքում արտագրված, ընդօրինակված ձեռագիր է, որը ձեռք էր բերվել սրանից հինգ տարի առաջ Արթուր Ջանիբեկյանը՝ Մոսկվայից հայ բարերար և տրամադրել էր Մատենադարանին։ Պատկերացրեք այդ ձեռագիրը գտնվում էր սարսափելի վիճակում, ուղղակի փոքրիկ թղթիկների մի կույտ էր. ամբողջովին քայքայված։ Այս հինգ տարվա ընթացքում մի քանի մասնագետներ՝ թե՛ վերականգնողներ, թե՛ ձեռագրագետներ կարողացան այն վերածել ամբողջական, լիարժեք ձեռագրի, լիարժեք գրքի, որը այսօր ցուցադրվեց, և իսկապես դա էսպես հարություն տալու պես մի բան էր, հրաշքի հավասար մի բան», - ասաց Ղևոնդյանը։

Այս գիտաժողովին շնորհանդեսի ներկայացվեց նաև Մատենադարանի կողմից հրատարակված «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնություն Ո՞վ է դա»-ի» երկը խորագրով ուշագրավ գիտական ծավալուն աշխատությունը, որի հեղինակն է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը:

«Թեմայի ընտրությունը կախված էր բնագրի վնասված լինելուց, ձեռագրի վնասված լինելուց։ Նախևառաջ այն ամենը, ինչ առնչվում է Նարեկացու անվան հետ, վերագրվում է Նարեկացուն կամ Նարեկացու հեղինակությանն է, անկասկած շատ մեծ հետաքրքրություն, կարևորագույն նշանակություն ունի, որովհետև Նարեկացին իսկապես բացառիկ երևույթ է ոչ միայն հայ միջնադարյան գրականության, այլ համաշխարհային գրականության մեջ թե՛ իր ընդգրկման խորություններով, թե՛ իր խորհրդաբանական լարումով, պատկերների հագեցվածությամբ, վերջապես բառաստեղծության բացառիկ կարողություններով։ Ամեն մի մասունք պահպանված առաջնային է հնարավորինս մեր կարողությունների չափով վերականգնել», - նշեց Արուսյակ Թամրազյանը։

Գիտաժողովին մասնակից Նյու Յորքից ժամանած անվանի հայագետ Ռոբերտա Էրվինն էլ անդրադառնալով վերոհիշյալ գրքին ընդգծեց. «Սա շատ բացառիկ գիրք է, որովհետև այս աղավաղված բնագիրը կյանք է տվել նրան նորից»։

Ամերիկացի անվանի հայագետը՝ Ռոբերտա Էրվինը երկրորդ անգամ է մասնակցում «Նարեկացիական ընթերցումներին», նաև Նարեկացու երկերն է թարգմանաբար ներկայացրել անգլալեզու ընթերցողին և արդեն 5-րդ տարին անցկացվող այս գիտաժողովի մասին էլ ասաց. «Շատ բարձրորակ այս ձեռնարկը ինձ, երբ որ առիթ տրվի մասնակցելու, մեծ ուրախությամբ կմասնակցեմ, որովհետև այս տեսակ սքանչելի ելույթներ, այսպիսի շնորհալի գրքեր և այլն արտադրվում են այս ձեռնարկի կողմից»։