Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ըստ վարչապետի աշխատաակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, ասել է. «Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միությունում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր իրավիճակներ, և կարծում եմ, ամեն ինչ եղել է շատ արժանապատիվ»:

«Սա լավ հնարավորություն է քննարկել երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը, ներդրումները, մեր երկրների միջև համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ զարգանում է, բայց դա չի նշանակում, որ չկա կատարելագործելու բան: Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել: Ես դա հաճույքով կանեմ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մեր նախագահությունն արգասաբեր ստացվեց: Այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, մենք պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի հետ, այժմ էլ` Սերբիայի հետ: Կարծում եմ մեր որոշ գործընկերների հետ համագործակցությունը զարգանում է բավականին լավ տեմպերով: Երկրների աշխարհագրությունը, որոնք ունեն պայմանագրեր Եվրասիական տնտեսական միության հետ, ընդլայնվում է»:

Հայաստանի վարչապետը նշել է, որ սա շատ լավ առիթ է` քննարկելու մեր երկրների միջև երկկողմ համագործակցության հարցերը:

«Ջերմորեն եմ հիշում Ձեր այցը Հայաստան, մենք բավականին արդյունավետ աշխատեցինք, լավ նիստ անցկացրեցինք: Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև այն ժամանակ մենք քննարկեցինք Հայաստանից Ռուսաստան արտահանմանը վերաբերող հարցեր, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների, և ցանկանում եմ ընդգծել, որ անցած ժամանակահատվածում, փառք Աստծո, որևէ խնդիր չենք ունեցել: Իհարկե, Վերին Լարսի անցակետն աշխարահագրական առումով դժվարություններ ունի և շատ լավ է, որ Ռուսաստանը պատրաստվում է այնտեղ վերակառուցման աշխատանքներ իրականացնել», - ընդգծել է Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային թեմաներին: