«Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, և այս հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում բացելով Չմիավորման շարժման պետությունների 18-րդ գագաթնաժողովը:
Ելույթ ունենալով 158 երկրներից ու միջազգային կազմակերպություներից ժամանած բարձրաստիճան հյուրերի առջև, Ալիևը կրկին խոսել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի», փախստականների ու բռնի տեղահանվածների մասին՝ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին: «Փորձելով ջնջել ադրբեջանական հետքերը՝ Հայաստանը միտումնավոր փոխում է բոլոր տեղանունները, ինչպես նաև վերաբնակեցման ապօրինի քաղաքականություն վարում և օկուպացված տարածքներում զբաղվում ապօրինի տնտեսական գործունեությամբ», - պնդել է Ալիևը, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Ղարաբաղի հարակից շրջաններ կատարած այցերի ընթացքում նման փաստեր չէին արձանագրել:
Ադրբեջանի նախագահից բացի, գագաթնաժողովի իր ելույթում Ղարաբաղին է անդրադարձել նաև Թուրքիայի արտգործնախարարը: «Մենք մշտապես աջակցում ենք եղբայրական Ադրբեջանին, Ադրբեջանի ցավը նաև մերն է, և մենք հնարավոր ամեն ինչ կանենք՝ ադրբեջանական գրավյալ տարածքներն ազատագրելու համար», - ասել է Մևլութ Չավուշօղլուն, ընդգծելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներում մշտապես քննարկում է ղարաբաղյան խնդիրը:
«Երբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը արդյունք չէին տալիս, նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է որպես միջնորդ լուծել այս հարցը», - հիշեցրել է Թուրքիայի արտգործնախարարն ու կրկնել այդ դիրքորոշումը՝ «եթե Ռուսաստանը ավելի մեծ ջանքեր գործադրի, այս հակամարտությունը կլուծվի, և դրանից կշահի նաև Հայաստանը»:
Ռուսաստանը Չմիավորված երկրների այս շարժմանը չի անդամակցում, նախագահ Պուտինը, սակայն, այսօր ողջույնի խոսք է հղել գագաթնաժողովի մասնակիցներին: «Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է արդար, բազմաբևեռ աշխարհակարգի կայացմանը», - գրել է Վլադիմիր Պուտինը, փաստելով, որ կազմակերպության ներկայիս հավաքն անցնում է դժվարին միջազգային իրավիճակում, երբ մի շարք տարածաշրջաններում ռազմական հակամարտությունների սրացում է նկատվում:
Չմիավորված երկրների շարժումը, որը մեծությամբ երկրորդ միջազգային կազմակերպությունն է ՄԱԿ-ից հետո, ձևավորվել է 1961 ին՝ նախկին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում: Դրան անդամակցել են այն պետությունները, որոնք «սառը պատերազմի» օրերին որոշել են չմիանալ գերտերությունների առաջնորդած կառույցներին՝ ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան պակտին: Հետագայում՝ Խորհրդային Միության փլուզումից ու Վարշավյան պակտի լուծարումից հետո, կազմակերպության անդամ են դարձել նաև նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, որն այսօր ստանձնեց կառույցի նախագահությունը:
Բացելով գագաթնաժողովը, Իլհամ Ալիևը հայտարարեց՝ առաջիկա երեք տարիներին՝ իր նախագահության ընթացքում, Բաքուն հիմնվելու է Բանդունգի կոնֆերանսում ընդունված սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ շահերը հարգելու, սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիության վրա:
Ակնկալվում է, որ հավաքի ավարտին կազմակերպության անդամները եզրափակիչ հռչակագիր կստորագրեն, որտեղ, չի բացառվում, որ անդրադարձ կլինի նաև տարածքային ամբողջականության ու հակամարտությունների կարգավորման հարցին:
Գագաթնաժողովը կշարունակվի նաև վաղը, հյուրերի թվում են մոտ վեց տասնյակ երկրների առաջնորդներ ու վարչապետներ, այդ թվում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի առաջնորդ Միգել Դիաս-Կանելն ու Հյուսիսային Կորեայի խորհրդարանի խոսնակ Չխվե Ռյոն Հեն: