Վարչապետի խոսնակ․ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվել է քաղաքական հայտարարություն անելու համար

Հովաննես Քոչարյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

«Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվել է, քանի որ քաղաքական հայտարարություն է արել», -  «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ», - հավելեց Կարապետյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վարչապետի առաջարկությամբ զբաղեցրած պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից ազատել է Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին:

Աշխատանքից ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ լրագրողների հետ զրույցում գրեթե ողջ կյանքում ոստիկանական համակարգում աշխատած 45-ամյա Քոչարյանը դեմ էր արտահայտվել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է և այժմ գտնվում է լրամշակումների փուլում։

Բարձրաստիճան պաշտոնյան մասնավորապես նշել էր. - «Նախ եկեք փոփոխությունների նախագիծը չհամարենք բարեփոխումների նախագիծ: Ես հեռու եմ այդ մտայնությունից: Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, դա նախագիծ է, որը իրավիճակային լուծումներ է առաջարկում: Իհարկե, կիսում եմ նաև հեղինակի կարծիքը, որ ոստիկանական առկա պաշտոններն ավելի շատ քաղաքական ազդեցությունների հակվածություն ունեն: Այդ մասով, կարծում եմ, ճշմարտություն կա, բայց դա արձանագրելով ու գնահատելով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այլ լուծումներ էին պետք: Սա Ոստիկանության դիրքորոշումն է»:

Քոչարյանը չի կարծում, թե ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելը ճիշտ լուծում է. - «Ես չեմ կարծում, որ այս փոփոխություններով ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն է ուժեղացվում, բոլորովին ոչ: Սահմանադրությունը արգելքներ է նախատեսում, և մինչև սահմանադրական փոփոխություններ չլինեն, դա իրականություն չի դառնա»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Ոստիկանության պետի պաշտոնները դարձնել քաղաքական, ինչը նշանակում է, որ այդ պաշտոններում կարող է նշանակվել ցանկացած ոք, ով համապատասխանում է պատգամավորի համար սահմանված չափանիշներին, տվյալ դեպքում՝ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի։

Մինչդեռ գործող օրենքով ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող է նշանակվել համակարգում առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած և գնդապետից ոչ ցածր կոչում ունեցող անձը։

Հովհաննես Քոչարյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց: Նա անձամբ դեռ չի խոսել դիմում գրելու պատճառներից:

Դեռ սեպտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել էր նաև Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հենց նույն օրը նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական: Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում մեկ ամիս էլ չաշխատեց, ընդ որում նա այդ ընթացքում արձակուրդում էր և այդ պաշտոնից ևս ազատվեց: Պատճառների մասին Օսիպյանը լուռ է, կառավարությունից ևս չեն մեկնաբանել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է պաշտոնյաների թե՛ նշանակման, թե՛ ազատման շարժառիթները պետք է հանրությանը ներկայացվեն․ ֊ «Պետք է լինեն հանրությանը մատչելի և ներկայացվեն հանրությանը: Սա ելնում է հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքից»: