Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում գումարվում է Չմիավորման շարժման պետությունների 18-րդ գագաթնաժողովը:
Երկօրյա միջոցառմանը մասնակցում են 158 երկրների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պատվիրակներ:
Պետությունները ներկայացված են նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մակարդակով:
Չմիավորման շարժումը ձևավորվել է 1961 թվականին նախկին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում:
Դրան անդամակցել են պետություններ, որոնք չեն ցանկացել «սառը պատերազմի» ժամանակաշրջանում միանալ գերտերությունների առաջնորդած կառույցներին՝ ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան ուխտին:
Հետագայում, երբ սոցիալիստական աշխարհը փլուզվել է և Վարշավյան ուխտը՝ լուծարվել, Չմիավորման շարժման անդամ են դարձել նաև նախկին խորհրդային որոշ հանրապետություններ:
Այսօրվա դրությամբ Չմիավորման շարժմանն անդամակցում է 120 պետություն, ևս 25 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, դիտորդի կարգավիճակ ունի:
Բաքվի գագաթնաժողովում Ադրբեջանը երեք տարով ստանձնում է Չմիավորման շարժման նախագահությունը:
Հոկտեմբերի 23-ին կառույցի ԱԳ ղեկավարների հանդիպման ընթացքում Վենեսուելայի արտգործնախար Ալբերտո Արեացա Մոնտսերատը նախագահության փաստաթղթերը հանձնել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովին:
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը ջանք չի խնայի շարժումը զարգացնելու և հզորացնելու համար: Ադրբեջանը 2011 թվականին է պաշտոնապես անդամակցել Չմիավորման շարժմանը:
Բաքվում գումարվող գագաթնաժողովի մասնակիցների թվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով նախօրեին մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել է Բաքու:
Ռոհանին ելույթ կունենա գագաթնաժողովում: Նախատեսված է նաև նրա առանձնազրույցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հոկտեմբերի 23-ին Ալիևն ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ շարժման գագաթնաժողովը մեծ հաջողությամբ կանցնի Ադրբեջանում: