Կադրային փոխատեղումները Ադրբեջանում շարունակվում են

Ադրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը` նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը լքում է պաշտոնը:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, Մեհտիևը նախօրեին հրավիրվել էր Բաքվից ոչ հեռու գտնվող նախագահական «Զագուլբա» նստավայր, որտեղ Իլհամ Ալիևը նրան շնորհակալություն էր հայտնել երկարամյա հավատարիմ ծառայության համար և «Հեյդար Ալիևի» շքանշան շնորհել: Այս հրաժեշտի հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, բարձր գնահատելով Մեհտիևի անցած աշխատանքային ուղին` պարբերաբար հիշեցնում էր, որ նա իր բյուրոկրատական վերելքի և ազդեցության համար պարտական է նախևառաջ Հեյդար Ալիևին:

«Պատահական չէ, որ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը, չնայած Ձեր երիտասարդ տարիքին շատ, կարևոր պաշտոններ էր վստահում Ձեզ: Եվ դա մի իրավիճակում, երբ հայտնի էր, որ Հեյդար Ալիևը կադրային հարցերում շատ պահանջկոտ էր: Այսօր սակայն դուք արդեն 80-նն անց եք: Եվ հենց դուք էիք մշտապես ասում, որ հարկավոր է երիտասարդներին աճի հնարավորություն տալ, զիջել նրանց ճանապարհը: Երիտասարդությունը պետք է աճի և հասունանա, որպեսզի հետագայում կարողանա կառավարել մեր երկիրը», - հայտարարել է Իլհամ Ալիևը` դիմելով իր աշխատակազմի արդեն նախկին ղեկավարին:

81-ամյա Ռամիզ Մեհտիևը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 24 տարի` 1995 թվականից: Նրա կարիերան սկիզբ էր առել դեռ խորհրդային շրջանում․ նա աշխատել էր որպես Ադրբեջանի կոմկուսի Բաքվի 26 կոմիսարների շրջկոմի քարտուղար, ապա տեղափոխվել էր կենտկոմ` զբաղեցնելով գաղափարախոսության գծով քարտուղարի առանցքային կարևորություն ունեցող պաշտոնը:

90-ականների կեսերին` Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալուց հետո, Մեհտիևը արագորեն վերագտավ իր երբեմնի ազդեցությունը: Շատերի գնահատմամբ, նա Ադրբեջանի իշխանական համակարգի գորշ կարդինալն էր, առանց որի հավանության չէր կայացվում որևէ էական քաղաքական կամ կադրային որոշում:

Ադրբեջանցի ընդդիմադիրների համոզմամբ սակայն, կադրային այս փոխատեղումները հազիվ թե որևէ էական փոփոխության հանգեցնեն երկրի կյանքում:

«Վերջին կադրային փոփոխությունները և բարեփոխումների մասին պնդումները կոսմետիկ բնույթ են կրում և բացառապես ներքին լսարանի համար են նախատեսված: Միևնույն է, իշխանության գործողությունների ռազմավարությունը որոշում է Իլհամ Ալիևը, իսկ մյուս բոլոր չինովնիկները պարզապես կատարում են երկրի ղեկավարի հրահանգները», -«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:

Ընդդիմադիր գործչի խոսքով, Մեհտիևի հրաժարականը ավելի կարևոր է իշխանության ներսում առկա հարաբերությունների տեսանկյունից․ - «Ազդեցության լծակների որոշակի վերաբաշխում է տեղի ունենում իշխանության ներսում` հօգուտ նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի»:

«Ալիևների - Փաշաևների կլանի դիրքերը ամրապնդվում են: Խոսքն իրականում սեփականության վերաբաշխման և ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողության մասին է: Կլանները հենց դրա համար են պայքարում, այլ ոչ թե հանուն բարեփոխումների: Կոռուպցիան, մենաշնորհները, անարդար դատարանները չեն վերանա, քանի որ իշխանությունները զուրկ են քաղաքական կամքից: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ ամենամեծ մոնոպոլիստներն ու կոռուպցիոներները հենց երկրի առաջին դեմքերն են», - նշել էր Ալի Քերիմլին:

Մեհտիևի հրաժարականից բացի, վերջին օրերին Բաքվում շատ է քննարկվում երիտասարդ կամ համեմատաբար երիտասարդ ադրբեջանցի պաշտոնյաների առաջխաղացման մասին: Էկոնոմիկայի 54-ամյա նախարար Շահին Մուստաֆաևը (ծնունդով նոյեմբերյանցի) նշանակվել է փոխվարչապետ: Նրա թափուր մնացած պաշտոնը փոխանցվել է Միքայիլ Ջաբարովին: 43-ամյա այս պաշտոնյան ադրբեջանցի գլխավոր բարեփոխչի համբավն ունի` նախկինում աշխատել է որպես Կրթության, ապա նաև Հարկահանության նախարար` երկու գերատեսչություններում էլ որոշակի նորամուծությունների հեղինակ դառնալով:

Ընդդիմադիր տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլիի համոզմամբ սակայն, կադրերի նոմինալ երիտասադրացումը որևէ խնդիր չի լուծում․ - «Թող բոլոր նախարարությունները միավորեն մեկ միասնական Հարկերի, մաքսերի, էկոնոմիկայի, արտաքին և ներքին գործերի, գյուղի և քաղաքի, կապի և տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և բնապահպանության նախարարության կազմում և նախարար նշանակեն Միքայիլ Ջաբարովին: Ադրբեջանին մեկ նախարարությունն ու մեկ նախարարը միանգամայն բավարար են»: