Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի այսօրվա հանդիպումը լրագրողների հետ նվիրված էր մշակույթի ոլորտում ձեռնարկվող առաջնահերթ խնդիրների որոշակի կարգավորումներին և մինչև այս տարեվերջ դրանց հնարավոր հանգուցալուծումներին:
«Պետությունը շատ խնդիրներ ունի իր առջև դրված: Այդ խնդիրներից են կրթության և մշակույթի միաձուլման խնդիրը, որովհետև 21-րդ դարում խոսել մշակույթի մասին և շրջանցել կրթությունը հնարավոր չէ, ինչպես և հնարավոր չէ խոսել կրթության մասին և շրջանցել մշակույթը», - նշեց Արա Խզմալյանը։
Փոխնախարաը ներկայացրեց նաև ոլորտի կարգավորմանը միտված, իր ձևակերպմամբ՝ հեռանկարային, նախադեպը չունեցող, որոշ նոր նախագծեր:
Առաջին հերթին Արա Խզմալյանն անդրադարձավ մրցութային կարգով տրվող դրամաշնորհներին՝ շեշտելով, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել մրցութային պայմաններում․ - «Կարծում եմ, որ մենք ընտրել ենք շատ ստույգ ճանապարհ․ այնպիսի պայմաններ դնել դրամաշնորհների, դրանք գուցե թվան սկզբից շատ բարդ պայմաններ, բայց ի վերջո այնպիսի պայմաններ դնել, որոնք հնարավորություն կտան և ճանապարհ կբացեն առավելապես պրոֆեսիոնալ հանրության համար: Մենք այսուհետև շատ խիստ չափանիշներով ենք ընտրելու դրամաշնորհային նախագծերը: Պետք է բեռնաթափենք մշակույթի սիրողական, սոցիալական գործառույթը: Պետք է խոստովանել, որ տարիներ շարունակ Մշակույթի նախարարությունը ստանձնել է իր ուժերից վեր սոցիալական բեռ, սոցիալական պատասխանատվություն, ու դրա հետևանքով աշխատելով բավարարել բոլորի պահանջները և աջակցել բոլորին, արդյունքում պարզվում է, որ մենք չենք կարողանում իսկապես արժեք ներկայացնող խմբերը, արժեք ներկայացնող ստեղծագործությունները հանրայնացնել և դուրս բերել միջազգային շուկա»:
Իհարկե, ֆինանսական ռեսուրսները սակավ են, բայց փոխնախարարը համոզված է, որ դրանք այսուհետ հնարավոր կլինի ճիշտ բախշել և արդյունավետ կիրառել՝ ճիշտ բյուջետավորման և ճիշտ մշակութային քաղաքականության շնորհիվ:
Դրամաշնորհների նոր պայմանները նախարարությունը կհրապարակի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
«Ազատության» խնդրանքով Խզմալյանն առանձնացրեց ոլորտի կարևորագույն հիմնախնդիրներից երկուսը․ - «Կառուցվածքային, համակարգային առումով մի քանի խնդիր: Օրենսդրական բարեփոխումների լուրջ անհրաժեշտություն ունենք՝ Աշխատանքային օրենսգրքի հետ կապված, «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի հետ կապված: Կառավարության որոշումներով շատ բան կարելի է կարգի բերել: Հաստիքային աշխատողների խնդիրը․ մենք ստիպված կառույցներում, օրենքի պահանջից ելնելով, տարիներ շարունակ ծանրաբեռնում ենք կառույցները անարդյունավետ ռեսուրսով և մեր ՊՈԱԿ-ների տնօրեններից պահանջում ենք արդյունք: Մի կողմից՝ սոցիալական խնդիր, մյուս կողմից՝ մասնագիտական խնդիր: Հիմա ժամանակն է, որ մենք հասկանանք․ մենք գնո՞ւմ ենք ոլորտի մասնագիտացմանը, մենք գնո՞ւմ ենք ՊՈԱԿ-ների տնօրեններին աջակցելու ճանապարհով և նրանց հանդեպ մեր պահանջները բարձրացնելու ճանապարհով, թե՞ մենք շարունակում են ինեցիոն ձևով պետական ռեսուրսը տալ անարդյունավետ գործունեությանը: Փոշիացնել ըստ էության: Սա մեկ խնդիր: Գնումների մասին պարոն Մկրտչյանը հրաշալի հիշեցրեց․ մի բան հաջողվեց անել: Շնորհիվ իմ գործընկերների՝ մի դարդից պրծանք, ինչպես ասում են: Պետական գնումների կարգի մասին լրամշակում եղավ, և ստեղծագործական բաղադրիչ պարունակող բոլոր գնումները այսուհետև կարող են արվել մեկ անձից: Այսինքն այն անհասկանալի գլխացավանքը, որ տարիներ շարունակ մենք ունեցել ենք մեր պետական ստեղծագործական կառույցներում, այլևս վերանում է»:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ չդիմացավ և ամբիոնին մոտենալով հավելեց․ - «Ամենակարևոր բանը, որ տեղի է ունեցել կադրային այս փոփոխություններից հետո, դա մշակութային կառույներ և նախարարություն երկխոսության կայացումն է: Նախարարությունը լսում է մշակութային կառույցների խնդիրները և դիալոգի մեջ է մտնում: Ոչ վաղ անցյալում մենք ունեինք կռիվներ, ոչ վաղ անցյալում մենք ունեինք այլ երևույթներ, այսօր պատկերը բոլորովին այլ է»:
«Կարծում եմ, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք համատեղ ուժերով քայլ առ քայլ ոլորտը կարգավորել», - հանդիպումը եզրափակեց Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը: