Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու գործընթացում կրկին անորոշ իրավիճակ է: Երեքշաբթի երեկոյան Բրիտանիայի խորհրդարանը մերժեց արագացված քննարկումներ անցկացնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը, որը հնարավորություն կտար մինչև վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, իրականացնել «Բրեքզիթ»-ը:
Բորիս Ջոնսոնը հայտարարեց, թե արդեն դադար է անհրաժեշտ՝ Բրյուսելի հետ խորհրդակցելու նպատակով:
Ջոնսոնի հայտարարությանը անմիջապես արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ասելով, թե Եվրամիությանը կառաջարկի հնարավորություն տալ հետաձգելու «Բրեքզիթ»-ը: Հնարավոր է «Բրեքզիթ»-ը հետաձգվի մինչև 2020 թվականի հունվարի վերջը՝ խուսափելով առանց համաձայնության «կոշտ Բրեքզիթ»-ի տարբերակից: