Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

Կանադա - Վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը ողջունում են աջակիցներին ընտրություններից հետո, Մոնրեալ, 22-ը հոկտեմբերի, 2019թ․

Կանադայում երկուշաբթի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը: Քաղաքական այդ ուժը 338-տեղանոց կանադական խորհրդարանում 156 մանդատ է ստացել: Դա հնարավորություն կտա Թրյուդոյին փոքրամասնության կառավարություն ձևավորել:

«Դուք կրկին մեր լիբերալ թիմի անդամներին ուղարկում եք Օտտավա` շատ հստակ մանդատով: Մենք կշարունակենք կյանքն ավելի մատչելի դարձնել, մենք կշարունակենք պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ», - հայտարարում էր Թրյուդոն:

Նախօրեին կայացած ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր պահպանողականները 120 տեղ են ստացել, խորհրդարանում ներկայացված են լինելու նաև Նոր դեմոկրատական կուսակցությունը, «Քվեբեկի դաշինքը» և Կանաչների կուսակցությունը: