Սերժ Սարգսյանը այս իշխանությանը հարվածում է ՍԴ-ով և Ստեփանակերտով․ Արմեն Գրիգորյան

«Ազատությունն» իր տաղավարում հյուրընկալել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

«Ազատություն»․ - Դուք ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ինչու է Ղարաբաղը նախկինների հավաքատեղի, նաև պրոցեսներ են խմորվում այնտեղ: Բացի այն, որ ծննունդով ղարաբաղցի են: Դուք էլ եք ղարաբաղցի, հետո ինչ:

Գրիգորյան․ - Դա որոշակի չափով այն ճանապարհն է, որով անցել է Սերժ Սարգսյանը: Եվ երևի երկու տեղ է մնացել, որտեղով Սերժ Սարգսյանը փորձում է ներկայիս իշխանությանը հարվածներ հասցնել: Մեկը Սահմանադրական դատարանն է, իսկ մյուսը՝ Ստեփանակերտի միջոցով է: Ի դեպ, այդ խմբակի ողբերգությունն էլ է այս պահին այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում: Նշածս բյուջի 50 տոկոսի ավելացումը 2017 թվականի նկատմամբ, 124 միլիարդի ճանապարհաշինության ներդրումը, այդ ամեն ինչը իրենց համար մեծ ողբերգություն է: Որովհետև իրենք զարմանում են, թե ինչպես էր հնարավոր սա անել: Եվ այդ խմբակի կամ քաղաքական ուժի ներկայացուցիչներն էլ փորձում են պնդել, որ մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի ժամանակ արտադրված այֆոնով: Միակ արգումենտը, որ մնացել է իրենց մոտ, կարծես հենց դա է: Իրենց միակ հաջողությունը այդ ոլորտում ունենալով՝ փորձում են մեզ տարբեր ճանապարհներով, չունենալով այս հաջողությունների հանդեպ որևիցե պրետենզիա, անցնում են այլ տեղերից փորձելով տորպեդահարել և այլ խնդիրներ ստեղծել: Եվ եթե մենք մակրոմակարդակում ենք նայում, Հայաստանում ամեն ինչ շատ լավ է ընթանում և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական զարգացման, և՛ Հայաստանում բարեկեցության ապահովման: Եվ ես համոզված եմ, որ այս տեմպերը մենք կարողանալու ենք շարունակել, և ինչքան այս տեմպերը ակտիվանան, այնքան ավելի մեծ ողբերգություն է իրենց մոտ լինելու: Որովհետև սկզբից իրենք փորձում էին ասել, որ տնտեսական մասով հաջողություն չենք կարողանալու ունենալ: Բայց փորձը ցույց տվեց, որ, օրինակ, առաջին եռամսյակում 7,1-7,2 տոկոս տնտեսական ունենալը և, օրինակ, Եվրոպայի տարածքում ամենամեծ տնտեսական աճ ունենալուց հետո իրենց մոտ ողբերգություն ստեղծվեց:

«Ազատություն»․ - Քանի որ Դուք Սահմանադրական դատարանը հիշեցրիք, Դուք կարո՞ք եք մարդկանց մի համոզիչ փաստարկ բերել, որ այն, ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի շուրջ, քաղաքական շարժառիթ չունի, որ ուժայինները իր հոր տուն են գնում, դստրերին են կանչում հարցաքննության և այլն:

Գրիգորյան․ - Մինչև դրան անցնելը․ այս երկու օրը հանրապետականները էլի հայտարարում էին, որ ժամանակին Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի աղջկան թույլ էր տվել, որպեսզի տեսակցություն լինի: Ինձ այս պատմությունը հիշեցրեց այն, որ երբ ինչ-որ մի գող գողություն է անում, դրամապանակ է գողանում, մեջը հազար դրամ թողնում է, որպեսզի մարդը տեղ հասնի: Դրա համար, երբ որ իրեն դատում են, ասում է՝ ես հազար դրամը թողել էի: Բայց ինքը գողություն է արել: Այս առումով կա մի հատ ֆունդամենտալ ու կարևոր բան, որը պետք է շատ հստակ հաշվի առնել․ որ նախ այդ կոնտեքստում Նիկոլ Փաշինյանին ոչ օրինական էին բռնել, և հետագայում էլ փորձը ցույց տվեց, իսկ այդ պայմաններում՝ բռնել, հետո տեսակցություն թույլ տալ, դա չի նշանակում լավություն անել:

«Ազատություն»․ - Ի դեպ, վարչապետի գրասենյակը հերքել է, որ թույլ տվել է Թովմասյանը:

Գրիգորյան․ - Իսկ մյուս մասերով, բնականաբար բոլոր տեղյակ են, որ 2015-ին սահմանադրական փոփոխություն է տեղի ունեցել, և Հրայր Թովմասյանը, անդամ լինելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի, իր ներդրումն է կատարել Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Երբ մենք այն ժամանակ ասում էին, որ Սահմանադրությունը փոխվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, այս նույն դեմքով, որով Հրայր Թովմասյանը հարցազրույզ է տալիս որոշ հեռուստաընկերությունների, նույն դեմքով մեզ համոզում էր, որ դա վերարտադրության համար չէ, այլ Սահմանադրությունը փոխվում է միայն երկիրը ժողովրդավարացնելու համար: Բայց հետագայում փորձը ցույց տվեց, որ դա վերարտադրության համար է և իր մասնաբաժինը ունենալու համար սահմանադրական փոփոխություն է: Եվ ամբողջ այս գործընթացը հետ դրա դեմ է, երբ որ Սահմանադրական դատարանը որոշակի չափով իրենց դուքյանն են դարձրել: Եվ այս առումով խնդիր կա այս հարցը լուծելու: Բնականաբար պետք է ասեն քաղաքական հետապնդում: Ուրիշ բան չեն ասելու: Որոշներին էլ քաղբանտարկյալ են հայտարարելու: Ասենք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը կերել են ու իրենց հայտարարել քաղբանտարկյալ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․