Ռուսաստանը քննադատում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են վնաս հասցնել այդ երկրում քաղաքական կարգավորման գործընթացին, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող զարգացումները չափազանց անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:

Պեսկովի խոսքով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները սիրիական ճգնաժամի շուրջ երկխոսությունը շարունակելու են առաջիկայում կայանալիք հանդիպմանը: Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի հրավերով այցելելու է Ռուսաստան:

Սոչիում մեկօրյա այցի շրջանակում նա հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների օրակարգում հիմնական թեման Սիրիան է:

Երեկ քրդերի առաջնորդած Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցիչ Ռեդուխ Խալիլը հայտարարել է, թե քրդերը կհեռանան, եթե թուրքական բանակը չխոչընդոտի քրդական ուժերի և խաղաղ բնակիչների ապահով հեռացումը: Այսպիսով, ըստ քրդերի, իրենք կկատարեն թուրք-ամերիկյան համաձայնագրով հայտարարված հրադադարի պահանջը:

Էրդողանն էլ իր հերթին երեկ սպառնացել էր վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, եթե ամերիկացիները չկատարեն 120 ժամվա ընթացքում քրդական ուժերը դուրս բերելու մասին պայմանավորվածությունը: - «Մենք ակնկալում ենք մեր ամերիկացի դաշնակիցներից, որ այս անգամ իրենք կկատարեն Թուրքիային տված խոստումը», - հայտարարել էր Էրդողանը: