Ներխուժել են Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն, տարել համակարգիչներ

Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն և տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։

«Համակարգիչները, որոնք էական շուկայական արժեք չունեին, պարունակում էին ամսագրի հաջորդ թողարկման նյութերը, ինչպես նաև որոշ զգայուն տեղեկատվություն (հասցեներ, տվյալներ, հարցազրույցներ և այլն)։ Խմբագրության դուռը ևս կոտրված էր», - ասված է այս կապակցությամբ Nouvelles d'Arménie-ի հրապարակած հաղորդագրությունում։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա գնահատելով որպես «ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ»։

Ֆրանսալեզու հայկական Nouvelles d'Arménie պարբերականը ակտիվորեն լուսաբանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, իսկ վերջին շրջանում նաև Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություններին առնչվող թեմաներ։